Մադոննային կարող են տուգանել միասեռականություն քարոզելու համար

Մադոննան Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ, 9 օգոստոսի, 2012

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը բողոք է ստացել օգոստոսի 9-ին կայացած Մադոննայի համերգի կապակցությամբ եւ այժմ քննում է հնարավոր օրինախախտման դեպքը:

Ոստիկանություն դիմել են Սանկտ Պետերբուրգի «Ծնողական վերահսկողություն» հասարակական կազմակերպության անդամները` պահանջելով երգչուհուն պատասխանատվության ենթարկել միասեռականության քարոզումը անչափահասների շրջանում արգելող օրենքը խախտելու համար:

Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհուրդը վերջերս ընդունեց վիճահարույց օրենքը, որը արգելում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզել անչափահասների շրջանում: Օրինագիծը հանրությանը երկու մասին է բաժանել. մի հատվածը կարծում է, որ օրենքը տեղին է, մյուսը պնդում է, որ այն կարող է սահմանափակել մարդու ազատությունը: Օրենքի ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, որ դրանում ձեւակերպումները հստակ չեն, ինչը թույլ է տալիս գործնականում օրենքը կամայականորեն կիրառել:

Սկանդալային եւ պրովոկացիոն բնույթի ելույթներով հայտնի Մադոննայի համերգից ամիսներ առաջ արդեն սկսվել էր քննարկումը` արդյոք երգչուհին չնայած արգելքին իր աջակցությունը կհայտնի՞ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքին, եւ այդ քայլը ի՞նչ հետեւանքներ կունենա: Իսկ Պետերբուրգի քաղաքային իշխանությունները զգուշացրել էին, որ եթե համերգի ընթացքում Մադոննա միասեռականներին աջակցություն հայտնի, ապա նրան պատասխանատվության կենթարկեն: Օրինախախտումը պատժվում է տուգանքով` 5000 ռուբլի (մոտ 153 դոլար) քաղաքացիական անձի համար, իսկ համերգի կազմակերպիչները, ըստ օրենքի, կարող են տուգանվել մինչեւ կես միլիոն ռուբլով (մոտ 15 հազար դոլար):

Համերգից առաջ երգչուհին իր կայքէջում գրել էր, որ մասնակիցներին վարդագույն ապարանջաններ են բաժանվելու: Վարդագույնը, ինչպես հայտնի է, ողջ աշխարհում համարվում է միասեռականների խորհրդանշական գույնը: Համերգի ընթացքում Մադոննան խնդրել է հանդիսատեսին բարձրացնել վարդագույն ապարանջանով երիզված ձեռքերը: Այս կոչից առաջ նա ելույթ է ունեցել` հայտարարելով, որ բոլորը, այդ թվում` ոչ ավանդական կողմնորոշում ունեցողները, արժանապատիվ վերաբերմունքի եւ հարգանքի իրավունք ունեն:

«Մենք ցանկանում ենք պայքարել ազատ լինելու իրավունքի համար, լինելու այն, ինչ մենք կանք: Տարօրինակ ժամանակներ են, ես շատ եմ ճամփորդում աշխարհով մեկ եւ տեսնում եմ, որ մարդիկ դառնում են ավելի անհանդուրժող, ավելի են վախենում այն ամենից, ինչ տարբերվում է: Սակայն մենք կարող ենք փոխել դա, մեր մեջ ուժ կա, եւ մենք պետք է դա անենք ոչ թե բռնությամբ, այլ սիրով», - ասել է նա:

Ոստիկանությունն ուսումնասիրում է պետերբուրգյան հկ-ի բողոքին կցված տեսանյութերն ու լուսանկարները:

Ավելի վաղ Մոսկվայում կայացած ելույթի ընթացքում Մադոննան իր աջակցությունն էր հայտնել սկանդալային Pussy Riot խմբի աղջիկներին, ովքեր անազատության մեջ են եկեղեցում Պուտինի դեմ իրականացված ակցիայի պատճառով: