Գրքի գովազդը յուրահատուկ մոտեցումներ է պահանջում

Մշակույթի նախարարության հրատարակչական գործի բաժնի վարիչ Արմեն Ավանեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ գրքի գովազդը պետք է տարբերվի շոկոլադի գովազդից:
Հարցման ընթացքում շատ երիտասարդներ նշեցին` գովազդվում է ամեն ինչ, բացի գրքերից: Բացակայում են նաեւ կրթական, ուսուցողական ծրագրեր: Երեւի հենց դա է պատճառը, որ տեղյակ չլինելով ժամանակակից հայ ստեղծագործողների մասին` շատերը նախընտրում են արտասահմանյան նոր գրականություն:

Զրուցեցինք Մշակույթի նախարարության հրատարակչական գործի բաժնի վարիչ, գրականագետ Արմեն Ավանեսյանի հետ ով նշեց, որ ոչ միայն երիտասարդ գրողների ճանաչելիության խնդիր, այլ ընդհանրապես հայ գրականության ճանաչելիության խնդիր կա:

«Վերջին տարիներին շատ էր խոսվում երիտասարդ գրողների ճգնաժամի մասին: Ամենաերիտասարդ ստեղծագործողները 40-անց հեղինակներ էին», - ասում է Արմենը` շարունակելով, թե միայն վերջերս երիտասարդներն ակտիվացան, սկսեցին ստեղծագործել, եւ այդուհանդերձ, շատ հայ երիտասարդներ դեռեւս ծանոթ չեն ժամանակակից ստեղծագործողներին:

Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի նախագահ, «Էդիտ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երիտասարդ հայ ստեղծագործողների գրքերի գովազդի համար հսկայական գումարներ են պետք: Ըստ նրա` հենց այստեղ է պետության դերը:

Արմեն Ավանեսյանի պնդմամբ` ժամանակին մի խումբ երիտասարդներ փորձեցին հրապարակային բանաստեղծական ընթերցումներ կազմակերպել. հենց այսպիսի փորձեր եւս պետք են` հայ գրականությունը հայ հասարակության մեջ ավելի ճանաչելի դարձնելու համար:

Your browser doesn’t support HTML5

Գրքի գովազդը յուրահատուկ մոտեցումներ է պահանջում