ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Կարապի լճի շրջակայքում անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մեղադրվող ՀԱԿ 7 ակտիվիստներից 3-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը:

Հատուկ քննչական ծառայությունը որոշել է կարճել Արեգ Գեւորգյանի, Վահագն Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը «ապացույցների անբավարարության» հիմքով:

Երիտասարդները մեղադրվում էին խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ:

Նույն միջադեպի առնչությամբ քրեական գործից անջատված մասով ՀԱԿ մյուս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ այս տարվա հուլիսի 20-ի վճռով դատապարտվել են ազատազրկման՝ Առաքելյանը` 6, Կարապետյանը` 3, Գեւորգյանն ու Քիրամիջյանը՝ 2 տարի ժամկետով:

Առաքելյանը անցած տարվանից գտնվում է անազատության մեջ, մյուս երեքը արգելանքի կվերցվեն բողոքարկման գործընթացի ավարտից հետո, եթե վերադաս դատական ատյանները չբեկանեն առաջին ատյանի դատարանի վճիռը:


Իրինա Հովհաննիսյան, Երեւան