«Ադրբեջանամետ» մրցավարին պատժեցին

Թուրքմենստանցի մրցավարը հաղթանակը շնորհում է ադրբեջանցի բռնցքամարտիկին, Լոնդոն, 1-ը օգոստոսի, 2012թ.

Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիադայում բռնցքամարտի մրցավար, Թուրքմենստանի ներկայացուցիչ Իշանգուլի Մերետնիյազովը որակազրկվել եւ արտաքսվել է Օլիմպիադայից, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի օլիմպիական հավաքականի տեխնիկական պաշտոնյա Աղաջան Աբիեւը մեղադրվել է «Սիրողական բռնցքամարտի միջազգային ընկերակցության էթիկական նորմերը խախտելու մեջ» եւ նույնպես արտաքսվել է:

«Ես անչափ ափսոսում եմ, որ մենք ստիպված էինք այս որոշումները կայացնել», - ասել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ընկերակցության (AIBA) նախագահ Վու Չինք-Կուոն եւ ավելացրել. - «Այնուամենայնիվ, մեր հիմնական խնդիրը արդար մրցումներ կազմակերպելն է, ես ամեն ինչ կանեմ դա ապահովելու համար։ Կա միայն մեկ ճշմարտություն, եւ մենք միշտ ճշմարտությանն ենք ձգտում»:

Reuters-ը հայտնում է, որ մրցավարը պատժվել է բռնցքամարտի թեթեւքաշային կարգում ադրբեջանցի Մագոմեդ Աբդուլգամիդովի եւ ճապոնացի Սատոշի Շիմիզուի մարտում ակնհայտորեն ադրբեջանցուն սատարելու համար:

Շիմիզուն, վերջին ռաունդում 7 միավոր զիջելով Աբդուլգամիդովին, մրցակցին 6 անգամ նոքդաուն է ուղարկել, սակայն մրցավարը չի դադարեցրել մարտը, ինչի շնորհիվ ադրբեջանցին միավորներով հաղթել է՝ 22-17 հաշվով:

Նա այնպիսի ծանր վիճակում է եղել, որ նույնիսկ չի կարողացել ինքնուրույն հեռանալ ռինգից:

AIBA-ն հայտարարել է, որ մրցավարը պարտավոր էր առնվազն երեք անգամ կանգնեցնել մարտը, ինչը հավասարազոր կլիներ ադրբեջանցի մարզիկի պարտության: AIBA-ն վերանայել է մարտի արդյունքը եւ հաղթանակը շնորհել է ճապոնացի Շիմիզուին: