ԲՀԿ-ում գերադասում են խոսել «հանրությա՛ն հետ համագործակցության» մասին

Հայաստանի նախագահ, ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում մարզական միջոցառման ժամանակ, 14-ը հուլիսի, 2012թ.

Ազգային ժողովի վերջին ընտրություններում ձայների մեծամասնություն հավաքած երկու կուսակցությունների` Հանրապետականի (ՀՀԿ) եւ «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) փոխհարաբերությունները շարունակում են մնալ քննարկման առարկա:

Հատկապես այս շրջանում, երբ առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններն են ու 2013 թվականի նախագահական ընտրությունները, հարց է ծագում, թե ինչու է որոշ դեպքերում, մասնավորապես` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, իշխող ՀՀԿ-ն զիջում դիրքերը իրեն իշխանության այլընտրանք կոչած ԲՀԿ-ին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` տարօրինակ չէ՞ արդյոք, որ Հանրապետականը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարելու է «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցչին, ԲՀԿ-ի մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց. - «Հանրապետականը հանդես է եկել Սամվել Բալասանյանին աջակցելու որոշմա՞մբ։ Ինձ հայտնի է հետեւյալը. խմբակցության ղեկավարը ՀՀԿ-ի խոսեց հավանականության մասին, մամուլի խոսնակը` փոխնախագահն Ազգային ժողովի [Էդուարդ Շարմազանովը], հերքեց»։

Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետականի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասել էր, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն կսատարի ԲՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Բալասանյանին, ու թեեւ այդ որոշման պաշտոնական ձեւակերպումը չկա, բայց այս պահին իշխող կուսակցությունում քննարկում են` ինչ ձեւով ներկայացնել իրենց որոշումը։

«Երբ ասում ենք, որ մենք դրական ենք գնահատում Բալասանյանի թեկնածությունը, բնականաբար, մենք կա՛մ կառաջարկենք, կա՛մ կպաշտպանենք Բալասանյանի թեկնածությունը: Խնդիրը այստեղ վերաբերում է, թե ինչպիսի արձանագրումով ներկայանալ հանրությանը, որ ավելի օգտավետ լինի հենց Բալասանյանի համար», - մանրամասնել էր Սահակյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում պայքարի իրենց միջոցների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ԲՀԿ-ի խոսնակը պատասխանեց. - «Բոլոր տեղերում, որտեղ որ ԲՀԿ-ն կառաջադրի կամ կսատարի, կպաշտպանի որեւէ թեկնածուի, մեր դիրքորոշումը միանշանակ է լինելու բոլոր տեղերի հետ կապված` պետք չէ կենտրոնանալ Թալինի, Գյումրիի կամ մնացած քաղաքների ու համայնքների վրա, բոլոր տեղերում»։

Իսկ թե ինչպես են պատկերացնում ընդդիմության հետ համագործակցությունը առաջիկա ընտրություններում` ՏԻՄ եւ նախագահական, այդ առնչությամբ էլ Ուրիխանյանը ասաց. - «Ես կգերադասեի կրկին անգամ համագործակցություն եզրույթը օգտագործելիս ավելի շուտ խոսել հանրությա՛ն հետ համագործակցության մասին։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի մասնավորապես ՏԻՄ ընտրությունների պարագայում մենք առաջնային նշանակությունը տանք հայաստանցիների հետ համագործակցությանը»։