Օգոստոսի 1-ի մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. - «Սպասվող նախագահական ընտրություններում ամենամեծ ինտրիգն այն է, թե քանի փուլով են ընթանալու ընտրությունները։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերից մեկում արդեն հասկացրել է` պետք է բացառապես կենտրոնանալ մեկ փուլի վրա, բոլոր ռեսուրսները կիրառելով այդ ուղղությամբ։ Այլ է մոտեցումը «կոնկուրենտ» ֆիրմայում։ Ճիշտ է, եթե ֆորս մաժոր չեղավ, Քոչարյանը չի մասնակցելու այդ ընտրություններին ու պայքարելու է վարչապետի աթոռի համար։ Այնուհանդերձ, նա իր ռեսուրսներն արդեն իսկ դասավորում է այնպես, որ ընտրություններն անցնեն երկու փուլով, Սերժ Սարգսյանն անչափ դժվար հաղթանակ տանի, եւ ինքը, որպես ապագա վարչապետ, նրան օգնության հասնի։ Հիշենք, որ համանման սցենար պետք է կիրառվեր նաեւ 2008-ին»։

Առաջիկա ներքաղաքական զարգացումների թեման շոշափվում է նաեւ «Հայոց Աշխարհ»-ում: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարքագծին` թերթի տված հարցազրույցում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է. - «Քաղաքական ինչ վարքագիծ կդրսեւորի «Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններից առաջ՝ կախված է մի շարք անհայտներից, ճնշումների եւ հակազդեցության մեխանիզմներից, կուլիսային պայքարի, բանակցությունների արդյունքներից եւ այլն։ Իհարկե, «Բարգավաճին» կփորձեն կոտրել։ Կստացվի՞, ԲՀԿ-ն տեղի կտա՞ ճնշումներին, թե՞ ոչ՝ որեւէ մեկը վստահաբար չի կարող ասել։ Քաղաքականությունը մնում է քաղաքականություն. մենք, իհարկե, Ադրբեջան չենք, բայց Հոլանդիա էլ չենք։ Հնարավոր է, որ ԲՀԿ-ն տեղի չտա եւ սեփական թեկնածուով մասնակցի նախագահական ընտրություններին, բայց կա հավանականություն, որ ճնշումների մեխանիզմը կաշխատի, եւ կուսակցությունը ձեռնպահ կմնա «վտանգավոր խաղերից»։ «ԲՀԿ-ն կամա-ակամա հայտնվել է քաղաքական գործընթացների կենտրոնում։ Մի կողմից՝ ՀՀԿ-ն է պատրաստակամություն հայտնում պաշտպանել Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուին, մյուս կողմից՝ ՀԱԿ-ն է ռեւերանսներ անում ԲՀԿ-ին, առաջարկելով իր սիրտը». Լրագրողի այս դիտարկմանը Իսկանդարյանը արձագանքում է. - «Այդպես էլ պետք է լիներ։ ԲՀԿ-ն խորհրդարանում մեծաքանակ խմբակցություն ունեցող երկրորդ քաղաքական ուժն է՝ միակ խոշոր կուսակցությունը ՀՀԿ-ից հետո, որը կարող է ազդել քաղաքական գործընթացների վրա. մի բան, որ մնացած ընդդիմադիր ուժերը չեն կարող անգամ միասնական ճակատով հանդես գալու դեպքում։ «Բարգավաճը» ախորժալի պատառ է, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունն ուզում են «իրենցով անել»։ Այլ բան է, որ ինքը՝ ԲՀԿ-ն, իրեն չի տեսնում «կարկանդակի» կարգավիճակում, իսկ եթե տեսնում է, ապա՝ ինքնուրույն կարկանդակի դերում, որը ցանկություն չունի տրվել մեկին կամ մյուսին։ Այսինքն՝ «Բարգավաճը» բավական լուրջ քաղաքական գործոն է, եւ ԲՀԿ-ում դա շատ լավ հասկանում են»։

«Առավոտ»-ը գրում է. - «Երեւանում մայթերի ու գազոնների վրա տեղադրված տարատեսակ ժամանակավոր կրպակների ապամոնտաժման գործընթացը, որն ակտիվ էր հատկապես քաղաքի կենտրոնում, կարծես թե շարունակություն չի ունենում: Վարչական շրջաններում մթնոլորտը շատ խաղաղ է: Մասնավորապես՝ Էրեբունիում այդ առումով ոչինչ չի կատարվում: Ավելին, այս համայնքի պարագայում տպավորությունն այնպիսին է, թե կրպակապատումը շարունակվում է: Առանձին դեպքերում հին կրպակների փոխարեն՝ ավելի բարետես եւ մեծ կրպակներ են տեղադրվում: Իսկ ընդհանրապես՝ զանգվածաբար կրպակապատված տարածքներից ոչ մի կրպակ չի հանվել»:

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. - «Երկու օրվա մեջ երկրորդ դեպքն է, ինչ Հայաստանի «անկախ դատարանները» վճիռներ են կայացնում հօգուտ լրատվամիջոցների: Նախօրեին դատարանում հաղթեց «Հրապարակ»-ը` Մարգարիտա Խաչատրյանի` Մարոզի հետ պայքարում, երեկ էլ տեղեկություն ստացվեց, որ «Իրավունք»-ն է հաղթել «Հայաստանի ավետարանական հավատքի «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպությանը: Երկու թերթերն էլ ստիպված չեն լինի հերքում տպագրել եւ միլիոնավոր դոլարներ վճարել հայցվորներին: Սա, իհարկե, գովելի տենդենց է, եթե այլ շարժառիթ չունի: Վերջապես գործող իշխանության տարբեր թեւեր «հատվածաբար» հասկանում են, որ նորանկախ Հայաստանում ամենակայացած համակարգերից մեկն անկախ մամուլն է, որի գոյությունն անհրաժեշտ է ցանկացած երկրում»:

Your browser doesn’t support HTML5

Օգոստոսի 1-ի մամուլ