Իրավապաշտպանները «քաղաքական հաշվեհարդար» են համարում ակտիվիստների դատավճիռը

ՀԱԿ-ի ակտիվիստները դատարանի դահլիճում, 20 հուլիսի, 2012

Մի խումբ իրավապաշտպաններ այսօր հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների, որոնք դատարանի որոշմամբ 2-ից 6 տարվա ազատազրկման են դատապարտվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար։

Ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց անցած տարվա օգոստոսին Կարապի լճի մերձակայքում շան դնչկալի պատճառով նրանց եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Այս տարվա հուլիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Տիգրան Առաքելյանին` 6, Արտակ Կարապետյանին` 3, Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին 2 տարվա ազատազրկման դատապարտել։

Վկայակոչելով մի շարք խախտումներ` սկսած ՀԱԿ ակտիվիստների ձերբակալության փուլից մինչեւ դատավարությունը, իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն դատապարտում են նման վճռի կայացումը՝ որակելով այն «արդարադատության հետ աղերս չունեցող» եւ պահանջում դադարեցնել քրեական հետապնդումը ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ:

Հայտարարությանը միացած «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ղեկավար Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ ակտիվիստներին ազատազրկելու որոշումը կայացվեց նախագահական ընտրություններից ամիսներ առաջ։

«Մենք սա գնահատում ենք որպես քաղաքական հաշվեհարդար եւ քաղաքական նախազգուշական քայլ, որովհետեւ այս երիտասարդները կարող են ակտիվ դիրքորոշումներ ունենալ եւ ակտիվ դերակատարում ունենալ նախագահական ընտրությունների ընթացքում», - մեկնաբանեց Սոնա Այվազյանը։ - «Նրանք այսօր ակտիվ դիրքորոշում են դրսեւորում նույն «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ եւ ակտիվորեն մասնակցում են ակցիաներին։ Այսինքն, նման երիտասարդներին մեկուսացնելը կօգնի իշխանություններին մի կողմից ձերբազատվել ակտիվ ուժերից, մյուս կողմից՝ ցույց տալ, որ նման ակտիվիզմը, նման համարձակ գործողությունները կարող են պատժվել»։

Ընդդիմադիր հայացքների տեր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման վճռի կայացումը մեկ անգամ եւս փաստում է, որ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդող բռնությունները եւ քաղաքական հալածանքները Հայաստանում ոչ միայն չեն դադարել, այլեւ նոր նախագահական ընտրությունների շեմին նոր որակ ու նոր դրսեւորումներ են ստանում, ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել է նաեւ «Իրավունքի եւ ազատության կենտրոն»-ի նախագահ Վարդան Հարությունյանը։

«Այս երիտասարդներին ազատազրկման դատապարտեցին առանց դատարաններում նրանց մեղքը ապացուցելու, միայն այն պատճառով, որ նրանք ընդդիմադիր կազմակերպության ակտիվիստներ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Վարդան Հարությունյանը։

Տեղական 7 կազմակերպությունները կոչ են անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հետապնդումները դադարեցնելու եւ Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ` ընդգծելով, որ սա մի կողմից կարելի է դիտարկել որպես գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրության մեջ վախի մթնոլորտի տարածման փորձ, իսկ մյուս կողմից՝ ադմինիստրատիվ ռեսուրսի հիմնական ապահովող ռեպրեսիվ իրավապահ համակարգին՝ անկաշկանդ գործելու հրահանգ:

Տիգրան Առաքելյանից բացի մյուս երեք դատապարտվածները դեռ չեն տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ, քանի որ դատավճռի ուժի մեջ մտնելու՝ օրենքով սահմանված ժամկետը մեկ ամիսն է, եթե պաշտպանական կողմը վճիռը չբողոքարկի վերաքննիչ ատյանում:

Your browser doesn’t support HTML5

Իրավապաշտպանները «քաղաքական հաշվեհարդար» են համարում ակտիվիստների դատավճիռը