Վարդան Ղուկասյանը պատասխանել է Աշոտ Աղաբաբյանին

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Գյումրիի հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզից ընտրված հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի միջեւ վերջին օրերին ծավալված հեռակա բանավեճը դեռ շարունակվում է:

Գյումրիի քաղաքապետը այսօր նոր հայտարարություն է տարածել` այն վերնագրելով «Վասակյանին, ոչ թե Աղաբաբյանին»: Ի տարբերություն Աշոտ Աղաբաբյանի, Ղուկասյանը նախընտրում է միայն գրավոր հայտարարություններ տարածել:

Հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Աղաբաբյանը պատասխանել էր նախօրեին Ղուկասյանի տարածած հայտարարությանը. - «Ճշմարտությունը աչք ա ծակում, եւ մարդիկ փորձում են անձը վիրավորելով պատասխան տալ: Ես այդ մարդը չեմ, որ իր անձը վիրավորեմ, որովհետեւ էդ մարդը ընտանիք ունի… Ինքը անգամ էդ քաղաքական էթիկան չգիտի, որ քաղաքականության մեջ ոչ ոք ոչ մեկի անձը չի վիրավորում: Ես չեմ ուզենա, որ իր անձին կպնեմ, իր ընտանիքի անդամներն իմանան, թե ինքը ով է», - ասել էր Աղաբաբյանը:

Արձագանքելով Ղուկասյանի նամակի այն հատվածին, թե` «գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց»` Աղաբաբյանն ասել էր. - «Ասա` դու սամակատ քշել չգիտես, դու ո՞նց կարաս նման արտահայտություն անես. ես քաղաքից քշելու եմ, ես էս եմ անելու, ես… Ինքը քանի՞ հատ ես ա: Ճշմարտության չափանիշը պրակտիկան ա` եթե կարա, թող անի»:

Սրան ի պատասխան այսօր տարածած հայտարարության մեջ Գյումրիի քաղաքապետը ասում է. - «Մամուլի միջոցով ես վերջին անգամ եմ անգամ եմ արտահայտում իմ ասելիքը քեզ: Քո բարոյազուրկ կերպարի մասին գիտեն բոլորը: Դրա համար օջախի, ընտանիք պահելու ու այլ առաքինությունների մասին ինչ էլ ասեմ, քեզ նմաններին անհասկանալի կլինի: Երբ սամակատ քշելով մի տեղ հասար, կհանդիպենք»:

Իր պատասխան նամակով Ղուկասյանը, ըստ էության, հանդիպման է հրավիրում Աղաբաբյանին:

Աղաբաբյանի խոսնակ Թամարա Սարգսյանը, արձագանքելով Ղուկասյանի վերջին հայտարարությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Պարոն Աղաբաբյան ինչ ուներ ասել է, ասել է եւ սահմանափակել իր ասածը` մնալով կոռեկտության սահմաններում, անձնական որեւէ վիրավորանք չհասցնելով որեւէ մեկին: Պետք է նկատել, որ որոշ լրատվամիջոցներ նաեւ հորինված, մտացածին լուրեր են տարածում. ես կարծում եմ, որ այսպիսի լրատվամիջոցները հետեւություններ պետք է անեն իրենց արածից»:

Your browser doesn’t support HTML5

Վարդան Ղուկասյանը պատասխանել է Աշոտ Աղաբաբյանին