Վիրտուալ հարթակում հայկական սոցիալական ցանցերը սակավաթիվ են

Վերջին տարիներին պարբերաբար ստեղծվում են հայկական սոցիալական ցանցեր, սակայն հիմնականում դրանք տարբեր պատճառներով անուշադրության են մատնվում, ինչի հետեւանքով դադարում են իրենց գործունեությունը:
Հայերը հիմնականում օգտվում են միջազգային ճանաչում ձեռք բերած Facebook, Odnoklassniki, Vkontakte սոցիալական ցանցերից` չիմանալով նույնիսկ հայկական սոցիալական ցանցերի առկայության մասին:

Ինչն է պատճառը, որ դրանք այդքան էլ մեծ տարածում չունեն հայերի շրջանում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայկական սոցիալական ցանցերի թույլ կողմը օգտատերին ուղղված հստակ ասելիքի բացակայությունն է:

Սակայն, վիրտուալ հարթակում դեռւես կարող ենք գտնել գործող հայկական սոցիալական ցանց, օրինակ Hayland.am-ը, որը ստեղծվել է 2008 թվականին: Մինչ օրս այն հայտնի է որպես ամենամեծ հայկական սոցիալական ցանց: Ըստ ցանցի տրամադրած տվյալների` գրանցված օգտատերերի թիվը հասնում է մոտավորապես 150.000-ի:
Ցանցի նախագծի ղեկավարն այն անվանում է ազգային, քանի որ <<ցանցը միավորում է աշխարհի տարբեր երկրների հայերին` Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա>>,- ասում է Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը եւ հավելում, որ այնուամենայնիվ ոչ մի հայկական սոցիալական ցանց չի կարող որեւէ կերպ համեմատվել գլոբալ սոցիալական ցանցերի հետ: Սակայն ազգային սոցիալական ցանցերը վիրտուալ աշխարհում ունեն իրենց ուրույն տեղը:

Ցանցի օգտատերերի հիմնական տարիքը 18-30 է: Արտաշեսը նշեց` չնայած ցանցի ակտիվ գործունեությանը, դժվար է հավատալ, որ հետագայում իրենց ցանցում օգտատերերի թիվը կգերազանցի գլոբալ ցանցերի օգտատերերի թվին:

Իր ստեղծման ճանապարհին է Yeresbook.com հայկական սոցիալական ցանցը, որն իր <<արտաքին>> տեսքով դեռեւս նմանեցնում է ցուկերբերգյան Ֆեյսբուքը: Այն հարցին, արդյոք հնարավոր է այն եւս մեծ տարածում ստանա վիրտուալ հարթակում, մեզ հետ զրույցում բլոգեր Կարեն Վրթանեսյանը պատասխանեց.
<<Եթե ինքը մեկին մեկ փորձում է նմանվել Ֆեյսբուքին, չեմ կարծում, որ հաջողության հասնեն: Բայց եթե իրենք <<չամիչ>> գտնեն իրենց համար, առանձնահատկություններ ունենան, տարբեր սերվիսներից իրենք բարձր կարողանան դուրս գալ` առաջարկելով յուրահատուկ ծառայություններ, որ ուրիշների մոտ չկան, կամ լավ զարգացած չեն կամ լավ չեն արվում, գուցե եւ հաջողվի>>:

Your browser doesn’t support HTML5

Վիրտուալ հարթակում հայկական սոցիալական ցանցերը սակավաթիվ են