Սեյրան Օհանյանը ընդունել է հոլանդացի բրիգադի գեներալին

Հուլիսի 25-27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ, Նիդերլանդների Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության պետ, բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը:

Ռոբ վան Դեր Մեյերի հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երեկ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների միջեւ փորձի փոխանակման, արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների եւ գործելաոճի համապատասխանեցմանը վերաբերող հարցերի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնելու հեռանկարները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` արձանագրվել է, որ արդյունավետ համագործակցություն կարող է ծավալել Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության եւ Նիդերլանդների Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության միջեւ` օգտագործելով մասնագիտական վերապատրաստման, համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման հնարավորությունները: