Այսօր մեկնարկում է Լոնդոնի Օլիմպիադան

Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտից այսպիսի լուսային պատկերներ էին երեւում Օլիմպիադայի բացման արարողության փորձի ժամանակ, 25-ը հուլիսի, 2012թ.

Օլիմպիադայի բացման արարողության մանրամասները չեն բացահայտվում` անակնկալի էֆեկտը չփլուզելու նկատառումով։
Հաղթանակի հասնելու ուժեղ ձգտումների եւ վճռականության խորհրդով երգով ուրբաթ երեկոյան կազդարարվի Լոնդոնի ամառային 30-րդ Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը:

Օլիմպիադայի բացման արարողությունը կսկսվի «Հրաշքների աշխարհ» թատերական բեմադրությամբ, գեղարվեստական ղեկավար, հանրահայտ կինոռեժիսոր Դենի Բոյլի խոսքով՝ կտեւի երեք ժամ: Նա արարողության փորձերի մասնակիցներին շատ է խնդրել չբացահայտել մանրամասները՝ անակնկալի էֆեկտը չփլուզելու նկատառումով:

Բրիտանական մամուլը գրում է, որ գեղարվեստական ռեժիսորի հորդորն իզուր չի եղել: Օլիմպիադայի բացման մոգական պահերին առնչվող հարցերին ի պատասխան օլիմպիական լռություն են պահպանում փորձին ներկա մարզիկներն ու սահմանափակ թվով հանդիսատեսները:

Բրիտանական մամուլը փոխանցում է այդ փորձերին ներկա գտնվածների հորդորը. - «Ինչ ծրագրեր էլ որ ունեք այսօր երեկոյան` անպայման հետաձգեք, դիտեք օլիմպիական խաղերի բացման արարողությունը»:

Ներկա կլինեն 80 երկրների առաջնորդներ


Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը ներկա կլինեն 80 երկրների նախագահներ, թագավորներ, առաջնորդներ, այդ թվում` Շվեդիայի թագավորական ընտանիքը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման, նախատեսված է, որ կմասնակցի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արդեն Լոնդոնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կլինեն նաեւ Թուրքիայի, Ֆրանսիայի վարչապետները եւ էլի շատ երկրների ղեկավարներ: Ավելի քան 20 երկրների առաջնորդներ Լոնդոն են ժամանել երկու օր առաջ:

Պաշտոնյաների` մարզադաշտ մտնելու արարողությունը մանրակրկիտ մշակվել է:


Դոպինգի օգտագործման դեպքեր


Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված մեդալների փայլը շատուշատ մարզիկների հասցրել է խելահեղության: 400 գրամանոց մեդալ վաստակելու ձգտումը որոշ մարզիկների դրդել է անթույլատրելի քայլի` հույն բարձրացատկորդ Դիմիտրիս Հոնդրոկուսիսի, կանադացի եւ ղազախստանցի վազորդներ Բեն Ջոնսընի, Օլգա Շիշիգինի եւ տասնյակ այլ մարզիկների արյան մեջ արդեն հայտնաբերվել է դոպինգ: Նրանք զրկվել են Օլիմպիադային մասնակցելու իրավունքից:

Օլիմպիադային կմասնակցի 17 հազար մարզիկ` 204 երկրից:

Իսկ ո՞ւմ են վստահել օլիմպիական կրակը վառելու պատիվը. այս հարցի բոլոր պատասխանները դեռեւս մնում են չհաստատված: Լոնդոնից ստացվող լուրերի համաձայն՝ օլիմպիական կրակը վառելու է 37-ամյա հանրահայտ ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը: