Վաղը կմեկնարկեն օլիմպիական խաղերը

30-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա վաղը: Այն կմեկնարկի «Հրաշքների աշխարհ» թատերական բեմադրությամբ, որը կտեւի 3 ժամ: Լոնդոնի ժամանակով 20:12-րոպեին մեկնարկելիք արարողությանը կմասնակցեն 15 հազար կամավորներ, այն ուղիղ եթերում կկարողանա դիտել մոտ 4 մլրդ մարդ:

Այս օլիմպիական խաղերին կազմակերպիչները պատրաստվել են 7 տարի: 200 հեկտար զբաղեցնող Օլիմպիական այգում ամեն մարզիկի հասնում է 16 քառակուսի մետր տարածք:

30-րդ օլիմպիական խաղերը արդեն սահմանել են մի շարք ռեկորդներ. տնկվել է կես միլիոն ծառ, Խաղերի համար թողարկվել են հատուկ մեդալներ, որոնք ամենածանր են մեդալների պատմության մեջ` 400 գրամ:

Սպասվում է, որ ռեկորդներ կսահմանվեն նաեւ «Ֆեյսբուք»-ում եւ «Թվիթեր»-ում ներբեռնումների եւ հաղորդագրությունների քանակով, քանի որ նախորդ օլիմպիական խաղերի համեմատ, այս տարի սոցցանցերում գրանցվածների թիվը մի քանի անգամ ավելի է:

Սահմանվել են նաեւ ուշագրավ ռեկորդներ. խաղերի ընթացքում մասնակիցներին կբաժանվեն 150 հազար պահպանակներ, այս թիվը 50 հազարով ավելի է, քան բաժանվել էր նախորդ օլիմպիական խաղերում:

Բրիտանական բուքմեյքերական գրասենյակներից մեկն էլ խաղադրույք է վերցնում խաղերի օրերին այլմոլորակայինների կամ չբացահայտված թռչող օբյեկտների հայտնվելու հավանականության վրա: Գործակից է սահմանվել 1000-ը, այսինքն 10 եվրո խաղադրույք կատարելու դեպքում հաղթողը կստանա 10 հազար եվրո:

Հիմնական խաղադրույքները, սակայն, կատարվում են մարզիկների վրա, ովքեր արդեն Լոնդոնում են:

Այստեղ է նաեւ հայկական 25 հոգանոց պատվիրակությունը: Ազգային օլիմպիական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ, մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանի համոզմամբ, այս տարի օլիմպիական մեդալների համար պայքարը շատ թեժ է լինելու: Կանխատեսումներ դժվար է անել, բայց սպասումը մեծ է:

«Շատ լարված պայքար է ընթանալու մեդալների համար, քանի որ օլիմպիական խաղերը տարբերվում են մնացած բոլոր միջազգային մրցումներից: Մենք պատահական մարզիկներ չենք ուղարկել, նրանք հիմնականում մենապայքարային մարզաձեւերի ներկայացուցիչներ են, ովքեր բազմաթիվ հաղթանակներ են տարել տարբեր մրցաշարերում», - ասաց Ալեքսանյանը:

Մեդալ նվաճելու համար ինչպես ամեն տարի, այս տարի էլ տարբեր երկրներ սահմանել են մրցանակներ: Օրինակ, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ոսկե մեդալի համար սահմանել է 1 միլիոն 200 հազար դոլար, իսկ հարեւան Ադրբեջանը` 510 հազար: Հայ մարզիկների համար ամենամեծ պարգեւավճարը սահմանել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 700 հազար դոլար:

Վաղը մեկնարկելիք օլիմպիական խաղերը կտեւեն մինչ օգոստոսի 12-ը:

Your browser doesn’t support HTML5

Վաղը կմեկնարկեն օլիմպիական խաղերը