Սիրիա հատուկ օդանավեր ուղարկելու «անհրաժեշտություն չկա»

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանի պնդմամբ, այս պահին Սիրիայում իրավիճակն այնպիսին չէ, որ Հայաստանի կառավարությունը հատուկ օդանավեր ուղարկի սիրիահայերին Հայաստանի տեղափոխելու համար:

«Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ պիտի ՀՀ կառավարությունը հատուկ ինքնաթիռներ իջեցնի Սիրիա, այնտեղից հայերին տեղափոխի եւ այլն, այսօր դրա ոչ միայն անհրրաժեշտությունը չկա, [այլեւ] դա ավելորդ խուճապ կարող է առաջացնել: Ընդամենը պետք է հասկանալ` այն [սիրիա]հայերը, ովքեր կլինեն Հայաստանում, մեր կառավարությունը, համապատասխան գերատեսչությունները պատրաստ են բոլոր տեսակի աջակցություն ցույց տալու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զաքարյանը:

Անցած շաբաթ, այդուհանդերձ, Սփյուռքի նախարարությունը նամակով դիմել էր «Արմավիա» ընկերությանը` վերանայելու Երեւան - Հալեպ - Երեւան չվերթի սակագինն ու ավելացնելու չվերթների քանակը:

Զաքարյանի խոսքով` նամակով փորձել են կատարել սիրիահայերի խնդրանքը, քանի որ մինչեւ աշուն ինչպես «Արմավիա»-ի, այնպես էլ «Սիրիական ավիաուղիներ»-ի տոմսերը դեպի Երեւան արդեն սպառված են, եւ բազմաթիվ սիրիահայեր պարզապես չեն կարողանում հասնել Հայաստան:

«Արմավիա»-ն ըստ էության հայտնել է, որ իրենք պատրաստ են աջակցել սիրիահայերին, սակայն Հայաստանի կառավարությունը պետք է իրենց աջակցի չվերթների քանակն ավելացնելու ու սակագները վերանայելու գործում:

Նամակի պաշտոնական պատասխանը Սփյուռքի նախարարությունը դեռ չի ստացել:

Սիրիահայերին աջակցելու նպատակով Սփյուռքի նախարարությունում ստեղծվել է նաեւ աշխատանքային խումբ` տասնյակ համահայկական կառույցների ներգրավմամբ: Խումբը գլխավորում է նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համահայկական կազմակերպությունները առաջարկել են իրենց օգնությունը սոցիալական, իրավական աջակցություն ցուցաբերելու, նաեւ կացարաններով ապահովելու գործում:

Խմբի կազմում է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ընթացիկ տարվա իրենց ծրագրերն արդեն պլանավորված են եւ անցած տարի հավաքված գումարներն արդեն ծախսվում են որոշված ուղղություններով, ուստի սիրիահայերի` Հայաստան թռիչքների հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հավանություն տա արդեն ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելուն:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Յորդիկյանը «Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե արդյոք ՀԲԸՄ-ն գումարներ կհատկացնի «Արմավիա»-ին` Սիրիայից Հայաստան չվերթների քանակը ավելացնելու համար, պատասխանեց, որ նման հարց դեռ չի քննարկվել:

Your browser doesn’t support HTML5

Սիրիա հատուկ օդանավեր ուղարկելու «անհրաժեշտություն չկա»