Օբաման Ասադին հորդորում է «չգործել ճակատագրական սխալ»

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին` չգործել ճակատագրական սխալ, չօգտագործել քիմիական զենք:

Երկուշաբթի օրը Օբաման զգուշացրել է Ասադին, որ եթե սիրիական ռեժիմը քիմիական զենք օգտագործի, ապա Ասադը ստիպված կլինի դրա համար պատասխան տալ միջազգային հանրության եւ Միացյալ Նահանգների առջեւ:

Երկուշաբթի օրը պաշտոնական Դամասկոսը, հավաստիացնելով, որ քիմիական զենք չի կիրառի սեփական ժողովրդի դեմ, սպառնացել էր դա անել Սիրիայի նկատմամբ արտաքին ռազմական միջամտության դեպքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների սպառնալիքը արժանի է դատապարտման, եւ կոչ է արել միջազգային հանրությանը` զգոնություն պահպանել եւ թույլ չտալ, որ սպառնալիքներն իրականություն դառնան:

Միեւնույն ժամանակ, պաշտոնական Դամասկոսը մերժել է Արաբական պետությունների լիգայի առաջարկը, այն է` Սիրիայի նախագահին ու նրա ընտանիքին երկրից անվտանգ հեռանալու հնարավորություն տալ, եթե Ասադը հրաժարվի իշխանությունից: