ԲՀԿ-ն չմիացավ «Հարսնաքարի» գործով հարցաշար ուղարկելու նախաձեռնությանը

ԲՀԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցությունը չի միանում կառավարությանն ու գլխավոր դատախազությանը «Հարսնաքարի» գործով քննչական մարմիններին հարցաշար ուղարկելու` Ազգային ժողովի աշխատանքային խմբի նախաձեռնությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ «ԲՀԿ-ն որոշել է չմիանալ որեւէ նախաձեռնության, որի տակ կլինի «Ժառանգություն» խմբակցության որեւէ ներկայացուցչի ստորագրություն»:

Աշխատանքային խումբը, որտեղ Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներից բացի ընդգրկված էր նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչը, այսօր արդեն ավարտել էր աշխատանքը հարցաշարի վրա: Հարցաշարն արժանացել էր ՀԱԿ-ի, Դաշնակցության եւ «Ժառանգության» խմբակցությունների հավանությանը:

Զոհրաբյանը շեշտեց, որ դա չի նշանակում, որ իրենք հրաժարվում են «Հարսնաքարի» գործով հարցաշարից:

«Մենք պատրաստ ենք առանձին հարցաշար ուղարկել քննչական խմբին, պատրաստ ենք Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետ քննարկել հարցաշար ուղարկելու հարցը, երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է, բացառությամբ մի տարբերակի. այն է ստորագրել մի նախաձեռնության տակ, որի տակ կլինի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից որեւէ մեկի ստորագրությունը», - ասաց նա:

ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հարաբերությունները լարված են «Հարսնաքար»-ի միջադեպի առնչությամբ հուլիսի կեսերին խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության ձախողումից հետո. երբ չհավաքվեցին անհրաժեշտ քանակի ստորագրություններ, երկու խմբակցությունների ներկայացուցիչները հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով: Այսօր էլ Զոհրաբյանը հայտարարեց, թե «Ժառանգությունը» «կառավարվող քաղաքական ուժ է, որն աշխատում է ԲՀԿ-ի դեմ»:

Այս առիթով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին միայն հետեւյալը փոխանցեց. - «Ես նման որեւէ անհեթեթություն չեմ մեկնաբանի»:

Աշխատանքային խմբում ՀԱԿ-ի ներկայացուցիչ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հարցաշարը կարող են քննչական մարմիններին ուղարկել նաեւ առանց ԲՀԿ-ի հավանության:

9 հարցերից եւ ենթահարցերից բաղկացած հարցաշարով, ըստ Ջհանգիրյանի, պատգամավորներն իրենց լիազորությունների սահմաններում փորձում են պարզել, թե որքանով է իրականացվում համակողմանի եւ օբյեկտիվ քննություն եւ որքանով է երաշխավորված, որ բոլոր մեղավորները արժանի պատիժ կստանան:

«Քանի որ իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն չկա, օրենքի առաջ հավասարության սկզբունքը բացարձակ չի գործում մեր երկրում, մեր մտավախությունը նաեւ այն է, որ հնարավոր է` ինչ որ մարդիկ խուսափեն այդ գործով քրեական պատասխանատվությունից եւ քավության նոխազ դառնան ինչ-որ «սլաքավարներ», - ասաց նա:

Քննչական մարմիններին ուղղված հարցերի պատասխաններով նաեւ հնարավորություն կստեղծվի պատկերացում կազմել, թե կատարվածում որքան է պատգամավորական մանդատից հրաժարված Ռուբեն Հայրապետյանի պատասխանատվության բաժինը: Հիշեցնենք, մինչ այս նախաձեռնությունը, հուլիսի սկզբին ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները դիմել էին խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին՝ իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով, սակայն Աբրահամյանը մերժեց դիմումը, իշխող Հանրապետական կուսակցությունն էլ հայտարարեց, որ ոստիկանության անաչառությունն ու թափանցիկությունը կասկածի տակ առնելու, ոստիկանությանը չվստահելու հիմքեր այս պահին չի տեսնում:

Մինչդեռ Գագիկ Ջհանգիրյանը, կասկածի տակ է առնում այդ թափանցիկությունը` որպես օրինակ վկայակոչելով Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկելու հենց առաջին օրերին գործը «ձեռքից ձեռք» տեղափոխելու փաստը: Հիշեցնենք, գործի քննությունը սկսեց ՀՀ ոստիկանությունը, հետո այն տեղափոխվեց պաշտպանության նախարարության քննչական ծառայության վարույթ, հետո գլխավոր դատախազի ցուցումով կրկին վերադարձվեց ոստիկանություն:

«Մարդը անգիտակից, ծանր մարմնական վնասվածք էր ստացել, ակնհայտ էր թե ինչ պայմաններում էր ստացել, ակնհայտ էր, թե ովքեր էին պատճառել, գոնե կասկածյալների մոտավոր շրջանակը հայտնի էր, նրանք նյութեր էին նախապատրաստում… եւ երեք օր այդ նյութերը այս բաժնից ուղարկում այս վարչություն, այս վարչությունից այս բաժին… Դա նշանակում է, որ այդ նախաքննական մարմինները կամ ոստիկանական բաժանմունքները սպասել են հրահանգի, արդյոք թույլ կտա՞ն իրենց համապատասխան քննչական եւ դատավարական գործողություններ ձեռնարկել: Իսկ եթե դա լիներ շարքային «անտեր» քաղաքացի կամ որեւէ ընդդիմադիր, նույն օրը նրան արդեն ձերբակալած կլինեին, հայտարարությամբ հանդես եկած կլինեին, դատավճիռն էլ «վերեւից» կայացրած կլինեին», - ասում է Ջհանգիրյանը:

ՀԱԿ-ը մտադիր է աշնանն էլ հանդես գալ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու եւ «Հարսնաքարի» գործով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը կարող է հետամուտ լինել մեղավորներին լիարժեք պատասխանատվության ենթարկելուն:

«Ամենավատ բանն այն չէ, որ հանցանքը չի բացահայտվում, ամենավատն այն է, որ բացահայտված, հայտնի հանցանքը կամ հանցագործը չեն պատժվում», - նշեց Գագիկ Ջհանգիրյանը, - «Այսինքն մարդիկ տեսնում են, որ կարելի է ծեծել, ջարդել, վիրավորել, ստորացնել ու որեւէ պատժի չենթարկվել… Չպատժված հանցագործությունն անխուսափելիորեն ծնում է նոր հանցանքներ»:

Your browser doesn’t support HTML5

ԲՀԿ-ն չմիացավ «Հարսնաքարի» գործով հարցաշար ուղարկելու նախաձեռնությանը