Բալասանյանը զգուշացնում է` «հեռու մնալ Գյումրիում լարվածություն ստեղծելուց»

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան (ձ) եւ Սամվել Բալասանյան, արխիվ

Գյումրիում մթնոլորտը բավականին լարված է. վերջին օրերին, երբ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքապետի թեկնածուն Սամվել Բալասանյանն է, իսկ գործող քաղաքապետի առաջադրվել-չառաջադրվելու հարցը հարցականի տակ է, լարվածությունն ավելի ակնհայտ դարձավ:

Մամուլում օրեր առաջ լուրեր շրջանառվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, Բալասանյանի տնից մոտ 30 մ հեռավորության վրա մեքենայով կանգնել եւ բարձրաձայն հայհոյանքներ եւ սպառնալիքներ է հնչեցրել, ասել է` «չեք վայելելու»:

Սամվել Բալասանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ինքը այդ պահին տանը չի եղել, իրեն այդ մասին պատմել են ականատեսները:

«Ոնց որ թե փորձ է արվում լարվածություն ստեղծել, բայց ես ուղղակի զգուշացնում եմ` շատ հեռու մնա նման լարվածություններ ստեղծելուց, ուղղակի ես զգուշացնում եմ: Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք գիտեմ, որ ուզում են լարվածություն ստեղծել: Դե, մեր ականջին շատ բան է կպնում. ես զգուշացնում եմ ուղղակի, որ հեռու մնան, քաղաքակիրթ մրցակցության ակնկալիքով եմ ես գնում իմ թեկնածությունը առաջադրելու», - ասաց Բալասանյանը:

Հարցին, թե նախքան իր թեկնածությունը առաջադրելու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը ինքը ի վերջո հանդիպե՞լ է նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞` ոչ, Բալասանյանը պատասխանեց. - «Մեր հանդիպումը աշխատանքային է եղել, գյուղատնտեսության զարգացման հետ կապված օրենքի նախագիծ ունենք, այդ հարցն ենք քննարկել: Քանի որ ես ընտրվել եմ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքից, հարցեր եղան, թե ինչ վիճակում է հիմա Գյումրին, ասացի, որ նաեւ նախագիծ ունեմ Գյումրիի վերականգման մասին օրենքում փոփոխություններ կատարելու, որով փորձում ենք որոշ արտոնություններ տալ ներդրումները խթանելու համար: Ուղղակի քանի որ այս խոսակցությունը կար, իրար հետ համընկավ, եւ բոլոր լրատվամիջոցները մտածեցին, թե «դաբրոյի» խնդիր կա: Չէ՞ որ էդ պահին ԲՀԿ-ն դեռ չէր հայտարարել իմ թեկնածության մասին»:

«Դաբրոն տրվում է այն տարածքում, այն համայնքում, որտեղ դրվում է թեկնածություն, որտեղ կա մրցակցություն: Դաբրոն տալիս է հասարակությունը, ժողովուրդը: Էդ ժողովրդի մեջ մտած էդ խոսակցությունը, էդ «դաբրո» գաղափարը ես չեմ ընդունում, իսկ ինչ մնում է նախագահի հետ հանդիպումներին, դրանք պատահական չեն, միշտ աշխատանքային հանդիպումներ ունեցել եմ», - մանրամասնեց նա:

Բալասանյանն ասաց, ՀՀԿ-ի որոշելիքն է` իրեն սատարել, թե` ոչ:

«Ճիշտն ասած, իրենց որոշելիքն է, թե Հանրապետականը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը կամ մյուսը ինչ կանեն, ի վերջը բոլորը այստեղից ձայներ են ստացել: Կարող է պաշտպանեն, ճիշտ ասած, չգիտեմ, դա իրենց պետք է հարցնեք, բայց եթե այդպիսի բան լինի, նոր [քաղաքական] մշակույթ կձեւավորվի, որը չի եղել մինչեւ հիմա: Ինձ թվում է` եթե այդպես լինի, հեչ վատ բանի չի լինի, ավելի ուժեղ քաղաքապետ կունենա Գյումրին: Ինչքան կռնակը ձիգ լինի, էդքան մարդը ավելի վստահ կաշխատի», - ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց քաղաքապետի պաշտոնը գերադասել պատգամավորի մանդատից, Բալասանյանը պատասխանեց. - «Հասկանալով գնում եմ էս քայլին: Սա երեւի իմ խաչն է, ես պետք է տանեմ առաջ: Ես էսպես հասկացա, որովհետեւ ոչ թե 1-2 հոգի, այլ մասսայական մոտեցել են ինձ, մտավորականներ, սովորական մարդիկ, թե մեզ համար աշխատատեղ ստեղծի: Իհարկե, միանգամից հնարավոր չէ էդ ամեն ինչը անել, բայց ծրագրերով, օրենքներով, հասարակության, պետության, կառավարության, նախագահի օգնությամբ, պարոն Ծառուկյանի բարեգործություններով ինչ-որ տեղ փորձենք ինչ-որ բան անել, փորձենք փոխել: Սա է պատճառը, որ մտել եմ էս ծանր լծի տակ»:

Բալասանյանը կարծում է` Գյումրի թիվ մեկ խնդիրը գույքագրումն է:

«Մենք պետք է կարողանանք գույքագրել, թե քաղաքում ինչ ունենք, հասկանանք, թե ինչ պետք է անենք, եւ այդ ծրագիրը կազմենք, որպեսզի կարողանանք քառամյա ծրագիրը վերջնակետին հասնել», - ասաց նա:

Your browser doesn’t support HTML5

Բալասանյանը զգուշացնում է` հեռու մնալ Գյումրիում լարվածություն ստեղծելուց