Սիրիացի ապստամբները կպաշտպանեն Հալեպի հայերին

Սիրիացի ապստամբները Հալեպի մատույցներում, 19-ը հուլիսի, 2012թ.

«Հալեպի ճակատամարտն արդեն իսկ մեկնարկել է», - ազդարարում են սիրիացի ապստամբները:

YouTube-ում կիրակի օրը զետեղված հայտարարության մեջ սիրիական ընդդիմության զինված թեւի` «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչ գնդապետ Աբդել Ջաբար ալ-Օքայդին հայտարարել է. - «Մենք սկսում ենք Հալեպի գրավմանն ուղղված ռազմական գործողությունը, որի նպատակն է քաղաքի ազատագրումը Ասադի արյունարբու հրոսակախմբերից»։

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է, որ երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքում եւ դրա մերձակայքում բնակվող կրոնական ու ազգային փոքրամասնությունները ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով մտահոգվելու որեւէ առիթ չունեն:

«Հայ թե ասորի, քուրդ թե դրուզ` Սիրիական ազատ բանակը բոլորին էլ պաշտպանելու է», - հայտարարել է սիրիացի գնդապետը` նշելով նաեւ, որ ընդդիմության զինված խմբավորումները իրենց պաշտպանության տակ կառնեն Բաշար Ասադի ցեղակիցներին` ալավիտների կրոնական խմբի անդամներին. - «Մենք պայքարում ենք ոչ թե մեր եղբայր ալավիտների, այլ Ասադի հանցագործ ընտանիքի դեմ»:

Ինչ վերաբերում է Հալեպի շուրջ ծավալվող ռազմական գործողություններին, ապա անցած շաբաթ եւ կիրակի օրերին ապստամբները մի շարք լուրջ հաջողություններ արձանագրեցին` փաստորեն հայտնվելով Հալեպում տեղակայված կառավարական զորքերի թիկունքում:

Սկզբում ապստամբները գրավեցին թուրք - սիրիական սահմանին գործող Բաբ ալ-Սալամ անցակետը, ապա նաեւ` Հալեպից 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մուսալմիյե քաղաքում գտնվող հետեւակային ռազմավարժարանը:

«Այս հաջողությունը թե՛ ռազմական եւ թե՛ զուտ խորհրդանշական շատ մեծ նշանակություն ունի: Վարժարանում մեծ քանակությամբ զինամթերք կար, որ անցել է ընդդիմադիրները ձեռքը: Դրան էլ գումարած` այդ ստորաբաժանումը պաշտպանում էր Հալեպի հյուսիսային մատույցները», - Reuters լրատվական գործակալության թղթակցին ասել է գեներալ Մուստաֆա ալ-Շեյխը: