Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի խոսնակ, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած կուսակցության Շիրակի մարզային կառույցի նիստում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ազատվել է կառույցի ղեկավարի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

Նիստի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին` Հովիկ Աբրահամյանը ասաց. - «Մենք քննարկել են խորհրդի նախագահի հարցը: Պարոն Ղուկասյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում, մենք ընդունեցինք դիմումը եւ ընտրեցինք մարզային կառույցի նոր ղեկավար` Սահակ Մինասյանին»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված Ղուկասյանի հրաժարականը, Աբրահամյանը արձագանքեց. - «Իր դիմումի համաձայն: Ուրիշ ոչ մի բան: Ինքը շատ լավ աշխատել է: Ամբողջ տարածքայինի ղեկավարները շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար: Նաեւ մեր կուսակցության գործադիր մարմինը շնորհակալ է համատեղ աշխատանքի համար պարոն Ղուկասյանին»:

Իշխող կուսակցության փոխնախագահը անպատասխան թողեց լրագրողները հարցը, թե ում թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ-ն սեպտեմբերին նշանակված Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:

Ինքը` Վարդան Ղուկասյանը առաջիկա ընտրություններում առաջադրել-չառաջադրվելու մասին հարցին պատասխանեց. - «Կապրենք` կտեսնենք»:

Հրաժարականի դիմումի դրդապատճառների մասին Ղուկասյանն ասաց. - «Ես ընդհանրապես իմ բնավորությամբ կուսակցական չեմ: Ես ավելի շատ եկեղեցական եմ, ավելի հոգեւոր եմ, քան թե կուսակցական: Մի քիչ քաղաքական այս բանից ուզում եմ հանգստանալ»:

«Կապրենք` կտեսնենք». - այսպես պատասխանեց Վարդան Ղուկասյանը նաեւ ՀՀԿ-ում որպես շարքային անդամ մնալու վերաբերյալ հարցին:

Լրագրողների համառ հարցերին` քաղաքապետի ընտրություններին առաջադրվելու մասին Գյումրիի քաղաքապետը արձագանքեց. - «Ով համբերե, նա կեցցե… Օրեր կան, ապրելու ժամանակ ունենք: Մենք ոչ քաղաքապետով ենք անուն ձեռք բերել, ոչ, ասենք, կուսակցությունով ենք անուն ձեռք բերել, մենք մեր ապրած կյանքով ենք ձեռք բերել եւ այդպես էլ ապրելու ենք»:

ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավարը` մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդ պաշտոնում ընտրվելն իր համար անսպասելի չէր:

Մինասյանը անցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի համակարգողն էր: Հարցին, թե արդյոք իր ընտրվելը կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ, Մինասյանը արձագանքեց. - «Ընտրությունները կուսակցական գնահատականի ընդամենը մի հատված է: Կուսակցության աշխատանքը գնահատվում է կուսակցության ծրագրի իրականացման ուղղությամբ տարված աշխատանքներով: Թե ինչպիսին կլինի նախընտրական շտաբի կառուցվածքը նախագահական ընտրություններով, կորոշի կուսակցության գործադիր մարմինը»:

Մինասյանը փոխանցեց, որ այսօրվա նիստում Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարց չի քննարկվել: