Բուրգասի պայթյունի հետաքննությանը կմասնակցի ՀԴԲ-ն

Բուլղարիայի իշխանությունները հայտնում են, որ Բուրգասի օդանավակայանի մոտ չորեքշաբթի օրը իրականացված պայթյունի հետաքննությանը կմասնակցի նաեւ Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):

Բուրգասի օդանավակայանի մոտ պայթեցվել էր իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը։ Միջադեպի արդյունքում մահացել է 7 մարդ, ավելի քան 30-ը` ստացել մարմնական վնասվածքներ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն պայթյունի համար մեղադրել էր Իրանին եւ «Հըզբոլա» զինված խմբավորմանը: Պաշտոնական Թեհրանը հերքել է Իսրայելի մեղադրանքը:

Բուլղարացի իրավապահները երեկ ցուցադրել են կադրեր, որտեղ երեւում է մեկը, ում կասկածում են պայթյունի իրականացման համար:

Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովն ասել է, որ կասկածյալի մոտ եղել է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի վարորդական կեղծ վկայական: