Անձնագրերի հետ կապված խնդիրը «լուծված է»

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հանձնարարեց տեղեկատվություն տրամադրել անձնագրերի մատակարարման խնդիրը կարգավորելու ուղղությամբ ձեռնրակված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ։

Փոխոստիկանապետը ասաց, որ այս տարի նախորդ բոլոր տարիների համեմատ աննախադեպ է եղել անձնագիր ստանալու համար դիմողների քանակը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում եղել է շուրջ 171 հազար անձնագրի փոխանակման դիմում, ապա այս տարի դրանց թիվը ավելացել է շուրջ 30 հազարով։ Այդ հանգամանքով պայմանավորված` անցկացվել են անհրաժեշտ միջոցառումներ, մասնավորապես, ոչ աշխատանքային օրերին եւ աշխատանքային ժամերից դուրս, կազմակերպվել են աշխատանքային հերթափոխեր։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ խնդիրը լուծված է, անձնագրերի լրացուցիչ խմբաքանակն արդեն Հայաստանում է, վստահեցրեց Օսիկյանը։

Փոխոստիկանապետը նշեց նաեւ, որ դեռեւս փոքր է կենսաչափական տվյալներով անձնագրերի համար դիմողների քանակը` առաջին մեկեւկես ամսվա ընթացքում` ընդամենը 800 անձ։


Հովհաննես Շողիկյան