Ինժեներական ֆակուլտետների տեղերը թափուր են մնում

Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան

Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում նշեց, որ այս տարի բուհ ընդունվել է 610 ուսանող` 2010 թվականի համեմատ 25 տոկոսով ավելի շատ, սակայն ուսանողները անհավասար են տեղաբաշխվել ֆակուլտետներով:

«Մաքուր ինժեներական մասնագիտություններում դիմորդները քիչ են, աճը տեղի է ունենում արվեստի եւ տնտեսագիտական մասնագիտությունների գծով՝ ճարտարապետություն, դիզայն, համակարգչային գեղարվեստական նախագծում», - ասաց Թոքմաջյանը:

Օրերս Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ թափուր էին մնացել տեղեր ԵՊՀ-ի քիմիայի, կենսաֆիզիկայի, կենսաինֆորմատիկայի ֆակուլտետներում:

Ճարտարապետաշինարարականում թափուր են մնացել ինժեներական մասնագիտությունների տեղերը, որի պատճառներից մեկն, ըստ ռեկտորի, այն է, որ մասնագիտությունն արդեն երկար տարիներ մոդայիկ չէ:

«Բացի այդ հրապուրիչ չի այդպիսի աշխատանքը, ասենք, չոլերի մեջ ինչ-որ ջրամբարի շահագործմամբ զբաղվելը, երբ կարելի է կոկիկ հագնված առավոտյան գնալ բանկում աշխատանքի եւ ստանալ մի քանի անգամ շատ աշխատավարձ», - ասաց Թոքմաջյանը:

Ռեկտորը համոզմունք հայտնեց, որ մի քանի տարի հետո ինժեներական մասնագիտություն ունեցող մարդկանց խիստ պակաս է զգացվելու. - «Հայաստանը ունի բազմաթիվ խոշոր եւ անվտանգության տեսակետից խոցելի մասնագետների պակաս: Դա վերաբերում է եւ ջրային համակարգերին, եւ կամուրջներին, եւ ատոմակայանին, եւ բնակարանային շինարարությանը»:

Միեւնույն ժամանակ այս մասնագիտությունների ֆակուլտետներ կարող են ընդունվել դիմորդներ, ովքեր ստացել են պարզապես դրական միավորներ եւ դուրս են մնացել ընդունելության հիմնական մրցույթից: Հուլիսի 15-20 նրանք կարող են դիմել բուհ` թափուր մնացած տեղերում ընդունվելու համար: Այս մասին բուհերից մեկը նույնիսկ հայտարարություն է տարածել հեռուստատեսությամբ:

«Եվ բազային կրթության ցածր մակարդակի, եւ ստեղծված մթնոլորտի պատճառով բոլոր, այդ թվում եւ մեր համալսարանում ունենք դիմորդների մի խումբ, ում գիտելիքները չի կարելի բավարար համարել համալսարանական կրթության համար», - ասաց ռեկտորը:

Ըստ նրա` իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա. մեկը այս ուսանողներին զտելն է, որը սակայն կբերի բուհի ֆինանսական վիճակի վատթարացման, երկրորդը՝ փորձել տարեցտարի պակասեցնել նման ուսանողների թիվը:

Your browser doesn’t support HTML5

Ինժեներները պահանջված են, բայց ինժեներական ֆակուլտետների տեղերը թափուր են մնում