Հուլիսի 17-ի մամուլ

«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Եթե անգամ հավատանք, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն ի զորու է իրագործել սեփական ծրագիրը, եթե տա Աստված, որ առաջիկա հինգ տարիներին չլինեն նոր տնտեսական ճգնաժամեր եւ այլ ֆորսմաժորային իրավիճակներ, ու Հայաստանում նվազագույն աշխատավարձն իրոք կրկնապատկվի, ապա դրանից, միեւնույն է, ոչինչ չի փոխվի։ Իսկ չի փոխվի այն պարզ պատճառով, որ արդեն մի քանի ամսից կթանկանա Հայաստան ներկրվող գազը, ինչը շղթայական ռեակցիայով կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքատեսակների թանկացմանը։ Ու դեռ հայտնի չէ՝ եթե անգամ կառավարությանը հաջողվի կրկնապատկել աշխատավարձը, նման թանկացումների դեպքում արդյոք մենք ավելի աղքատ չենք ապրի, քան հիմա։ Ընդ որում, այսօր արդեն աշխատավարձով ապրելու անհնարինության մասին խոսում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները»:

«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - ««Բարգավաճ Հայաստան»-ը բավական տհաճ ու հիմար վիճակի մեջ է դրել Հայ ազգային կոնգրեսին: Խոսքը վերաբերում է «Հարսնաքար»-ի դեպքի առիթով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, որ պաշտոնապես նախաձեռնել էր Հայ ազգային կոնգրեսը, բայց հայտարարել էր, թե դա եղել է արտակոալիցիոն չորս խմբակցությունների հետ խորհրդակցությունների արդյունքում: Կոնգրեսը չէր ասել, որ որևէ խմբակցություն դեմ է նիստի հրավիրմանը: Մինչդեռ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք պատասխանատու չեն ստորագրահավաքի տապալման համար, քանի որ իրենք հենց սկզբից էլ խորհրդակցությունների ընթացքում հայտարարել են, որ այս պահին չեն տեսնում նման արտահերթ նիստի անհրաժեշտություն: Անհարմար վիճակում է հայտնվել Կոնգրեսը, որի դիմակը, կամա թե ակամա, հերթական անգամ պատռում է ոչ այլ ոք, քան ԲՀԿ-ն, որին Կոնգրեսը համառորեն հետապնդում է «ամուսնության» իր առաջարկներով, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն բացահայտ ցույց է տալիս, որ ընդամենը «ժամանցի» նպատակներ ունի»:

Նաիրա Զոհրաբյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» թերթին: Լրագրողը հարցնում է. - «Դուք ասել եք, որ ԲՀԿ-ն չի միանա որեւէ նախաձեռնության, որին կմասնակցի նաեւ «Ժառանգությունը», ո՞րն է պատճառը»: Պատասխան. - «Այո, դա իմ միանշանակ դիրքորոշումն է, որովհետեւ վերջին իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ «Ժառանգությունը» ինքնուրույն քաղաքական ուժ չէ, այն կառավարվող քաղաքական ուժ է, որի վրա այս պահին հստակ հանձնարարական է դրված` հանրային այս շարժումը, ընդվզումը (նկատի ունի «Հարսնաքար»-ի գործը) շեղել, տեղափոխել այլ դաշտ, այն է` «Բարգավաճ Հայաստանի» դաշտը, եւ բնականաբար, «Ժառանգության» որոշ պատգամավորներ ուղղակիորեն ջանք չեն խնայում այդ խնդիրը, այդ հանձնարարականը իրականացնելու համար: Սա իմ միանշանակ եւ վստահ դիրքորոշումն է, ուստի «Բարգավաճ Հայաստան»-ը պիտի ձեռնպահ մնա այդ ուժի հետ որեւէ ձեւաչափում հանդես գալուց: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ընդհանրապես հավակնում է կուսակցության լիդերի կարգավիճակին, պիտի առնվազն որոշումներ կայացնելու ունակություն ունենա, այլապես առնվազն զավեշտ է, երբ ստորագրահավաքի ժամանակ ողջ օրվա ընթացքում նա չէր կարողանում որոշել` ինքը պատգամավոր է, թե պատգամավոր չէ, ամբողջ օրվա ընթացքում չէր կարողանում որոշել` ինքը Հայաստանում է, թե Հայաստանում չէ»:

«Առավոտ»-ի հետ զրույցում «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը զարմանում է, որ ընդդիմադիր դաշտի որոշ գործընկերներ «ԲՀԿ-ին անընդհատ, կարծես թե, ստիպում են, որ բերեն ընդդիմադիր դաշտ», եւ հավելում. - «ԲՀԿ-ի մեր գործընկերներն անընդհատ նշում են, որ իրենք այլընտրանքային ուժ են, ընդդիմության մասին հայտարարություն չեն անում, բայց որոշները, կարծես թե, ուզում են ավելի շատ բարգավաճական լինել կամ մարտնչողի տպավորություն թողնել: Ես կարծում եմ՝ պետք է հանգիստ թողնել ԲՀԿ-ին, եւ իրենք կորոշեն, թե ինչպիսի գործողություններ են ուզում իրականացնել: Իսկ ընդդիմադիր դաշտն էլ, եթե իր մեջ կգտնի այդ ներուժը՝ եսասիրությունից, անձնակենտրոնությունից մի փոքր վեր կանգնելու եւ համատեղ քայլեր իրականացնելու, ապա մենք, իսկապես, կարող ենք առաջ շարժվել»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ հարցազրույցում պատգամավոր Արտակ Դավթյանը (ՀՀԿ) ասում է. - «Եթե խոսում ենք ընդդիմության մասին, ապա ո՛չ ընդդիմության դասական սահմանման, ո՛չ ԱԺ կանոնակարգ-օրենքի տեսանկյունից միանշանակ չի կարելի ասել, որ ԲՀԿ-ն ամբողջապես ընդդիմադիր դաշտում է գործում։ Գոնե ես դժվար եմ պատկերացնում, թե ԲՀԿ-ն եւ ընդդիմադիր ուժերը նախագահական ընտրություններում կմասնակցեն միասնական թեկնածուով։ Ավելի շատ հակված եմ այն տեսակետին, որ 2013թ. նախագահական ընտրությունների հետ կապված՝ ԲՀԿ-ի քայլերը համահունչ կլինեն իր ստորագրած հուշագրին։ Հակառակ դեպքում, կարծում եմ, կուսակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, մենք էլ ձեզ հետ միասին կիմանանք՝ ինչն է պատճառը, որ հուշագրի կոնկրետ կետը չի պահպանում»։

Your browser doesn’t support HTML5

Հուլիսի 17-ի մամուլ