Արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը ձախողվեց

Ազգային ժողովի 4 խմբակցություններին չհաջողվեց պատգամավորական 44 ստորագրություն հավաքել, ուստի «Հարսնաքար»-ի միջադեպի առնչությամբ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը ձախողվեց:

Նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրություններից հաջողվեց հավաքել ընդամենը 21-ը:

Ձեւաթղթի տակ ստորագրել են ՀԱԿ խմբակցության բոլոր յոթ պատգամավորները: Դաշնակցության հինգ հոգանոց խմբակցությունից ստորագրել են երեքը` Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգության» հինգ հոգանոց խմբակցությունից` չորսը` Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի 37 հոգանոց խմբակցությունից ստորագրել են յոթ պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Սամվել Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը եւ Վահե Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինչու ԲՀԿ-ի 37 պատգամավորներից նախաձեռնության միացան միայն 7-ը, կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. - «Նախաձեռնության հեղինակը բացառապես ՀԱԿ-ն է, որովհետեւ թե’ «Ժառանգության», թե’ Դաշնակցության ներկայացուցիչները եւ թե’ մենք ասում էինք, որ այս պահին 44 ստորագրություն հավաքել հնարավոր չէ»:

Զոհրաբյանը հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը չի քննարկել հարցը եւ միասնական դիրքորոշում ունենալ չէր կարող. - «Մենք նման հարց չենք քննարկել»:

«Ես անձնապես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ այս փուլում ուղղակիորեն աննպատակահարմար էր արտահերթ նիստ հրավիրել», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` նաեւ պնդելով, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ:

Նախաձեռնությանը միացած ՀՅԴ ղեկավար անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանի խոսքով, ցանկության դեպքում «բոլորն էլ ձեւաթուղթը կստորագրեն», եւ այս նախաձեռնությունը «շատ բան ակնայտ կդարձնի»:

«Ովքեր են միանում, ովքեր էին պարզապես ամպագոռգոռ հայտարարություններ անում, վերջապես ժողովուրդը հասկանա տարբերությունը` ընդդիմություն, իշխանություն եւ ինչ-որ նոր քաղաքական տերմին կա` այլընտրանք… դրանք ո՞նց են իրար հետ հարաբերվում, եւ որտե՞ղ իսկապես կարելի է ակնկալել համագործակցություն: Եթե իսկապես ցանկություն կա ստորագրելու, ձեւը կգտնեն: Մենք կարող ենք մի անգամ էլ սեպտեմբերին նախաձեռնել: Ի՞նչ է փոխվելու: Այ, էդ ժամանակ մենք կհասկանանք արդեն` ով էր Դուբայ գնացել ընտրողների հետ հանդիպման, իսկ ով կարող է միանալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախաձեռնությունը «ճիշտ» որակեց, թեեւ` «բոլորն էլ գիտեին, որ 44 ստորագրություն չի հավաքվելու»:

«Դրա հետ կապված [ժամանակավոր հանձնաժողով կազմելու համար] մենք մի քիչ ավելի համակողմանի փաստաթուղթ ենք մշակել, որը կդնենք շրջանառության մեջ», - հավելեց նա:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «Հարսնաքար»-ի միջադեպի հետ կապված այսօր կա «հզոր հասարակական հնչեղություն, եւ հասարակությունն ուզում է պատասխաններ ստանալ այսօր», ուստի իրենք ընդառաջ են գնացել հասարակության պահանջին:

Զուրաբյանը փոխանցեց, որ այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ` առաջարկելով միանալ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը, եւ մերժում է ստացել:

«Եթե իրենք շահագրգռված են բոլոր կասկածները Ռուբեն Հայրապետյանի առնչակցության հետ, գործող նախագահի եւ Հանրապետական կուսակցության հովանավորության հետ, կոծկման հետ կապված, բոլոր այս կասկածները փարատվեն, մեր կարծիքով, եթե իշխանությունները իսկապես թաքցնելու բան չունեն, իրենք պետք է շահագրգռված լինեն նման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մեջ», - ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե արդյոք տեսնում են ԲՀԿ խմբակցության մեղավորությունը նախաձեռնության ձախողման մեջ, Զուրաբյանն արձագանցեց, թե իրենք Ազգային ժողովում ընտրել են «ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ համագործակցության» ռազմավարությունը, եւ դա հավասարապես վերաբերում է այն 3 քաղաքական ուժերին, որոնց հետ իրենք համագործակցում են:

Նա չբացառեց, որ ՀԱԿ խմբակցությունը նույն հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ առաջիկայում:

Your browser doesn’t support HTML5

Արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը ձախողվեց