Ուզբեկստանում ոմանց ստիպում են ամուսնանալ

Ֆրանսիա - Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստր Գյուլնարա Քարիմովան Կաննի 65-րդ կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված մի հավաքույթի ժամանակ, 21-ը մայիսի, 2012թ.

Միայն թե իրականանա նախագահ Քարիմովի դստեր՝ մեկ տարում 1000 հարսանիք կազմակերպելու ծրագիրը։
Արեւմտյան մի շարք կազմակերպությունների գնահատականով աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը համարվող Ուզբեկաստանում հիմա էլ ոմանց պարտադրաբար ստիպում են ամուսնանալ, միայն թե իրականանա նախագահ Իսլամ Քարիմովի աղջկա ծրագիրը՝ մեկ տարում 1000 հարսանիք կազմակերպելու վերաբերյալ։

«Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության հաղորդմամբ, ամեն ինչ սկսվել է տարեսկզբին, երբ Ուզբեկստանի կառավարությունը 2012 թվականը հայտարարել է Ընտանիքի տարի, եւ նախագահի դուստրը իր ողջ հնարավորություններով ու կարողություններով լծվել է աղքատ ու որբ երիտասարդների համար շքեղ հարսանիք կազմակերպելու գործին։

Նախաձեռնությունը, թվում է, շատերին պետք է ոգեւորեր, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները, սակայն, շնորհակալական խոսքերի փոխարեն բազմաթիվ բողոքներ են լսել երկրի տարբեր ծայրերում ապրող բնակիչներից։

26-ամյա Արաժուրդի Տոշմատովը, օրինակ, պատմել է, թե ինչպես են տեղական իշխանությունները ստիպել իրեն մասնակցել հարսանեկան այդ զանգվածային արարողությանը՝ սպառնալով հակառակ դեպքում զրկել հաշմանդամության նպաստից։ «Երբ ես գնացի քաղաքապետարան, բողոքեցի իմ աղքատ կյանքից եւ օգնություն խնդրեցի, նրանք ինձ պարտադրեցին մասնակցել նախագահի աղջկա հովանավորությամբ անցկացվող հարսանիքին», - պատմել է Տոշմատովը։ Մի քանի տարի առաջ ամուսնացած եւ արդեն չորս տարեկան երեխա ունեցող երիտասարդը ստիպված համաձայնել է, սակայն նպաստը այդպես էլ չի ստացել։ «Երբ գնացի քաղաքապետարան, ինձ ասացին, որ ունեցած ողջ գումարը ծախսել են միջոցառման վրա», - պատմել է նորապսակը եւ խոստովանել. - «Հարսանիքն իսկապես լավ էր կազմակերպված, բայց ավելի լավ կլիներ՝ ես ինձ հասանելիք գումարը ստանայի»։

Վերջին երկու ամիսներին որոշ բնակավայրերում նույն պատճառաբանությամբ կենսաթոշակ չեն ստացել նաեւ տարեց մարդիկ. փոստային բաժանմունքներում պատճառաբանել են, թե թոշակները ուշանում են, քանի որ նախագահի աղջկա՝ Գյուլնարա Քարիմովայի հիմնադրամը գերազանցել է նախատեսված ծախսերը։

Ընդ որում, սա երիտասարդ Քարիմովայի միակ աղմկահարույց նախաձեռնությունը չէ։ 40-ամյա Գյուլնարան արդեն հասցրել է հանդես գալ որպես հաջողակ դիզայներ, որի հավաքածուները ցուցադրվել են աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում, երգչուհի եւ դիվանագետ, ով 23 տարեկան հասակում արդեն զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի խորհրդականի պաշտոնը, իսկ հետագայում Ուզբեկստանի դեսպանն էր Շվեյցարիայում եւ Իսպանիայում։

Այժմ Գյուլնարա Քարիմովան համարվում է Ուզբեկստանի ամենահարուստ գործարար կինը։ Նրա եկամուտների աղբյուրները հստակ չեն, այդուամենայնիվ, տարիներ շարունակ հենց նրա անունն էր շաղկապվում Շվեյցարիայում հիմնադրված «Զերոմաքս» կոնգլոմերատի հետ, որը մինչեւ վերջերս Ուզբեկստանում ամենից զանգվածային ներդրումներ իրականացրած եւ ամենաշատ բաժնեմասեր ունեցող ընկերությունն էր՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։