Գալիք տարվա վերջին կունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող կրկես

Կրկեսի նախատեսվող տեսքը՝ վերանորոգումից հետո

2013 թվականի ավարտին Երեւանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող շքեղ կրկես:

1962 թվականին կառուցված կրկեսի շենքում, որը գտնվում էր անմխիթար վիճակում, անցած տարվանից շինարարական աշխատանքներ է իրականացնում «Տաշիր Գրուպ» ընկերությունը։ Ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի արժեքը գնահատվում է 6 միլիոն դոլար։

«Արդեն դժվար էր կրկեսում աշխատել։ Ձմռանը ներսում ավելի ցուրտ էր, քան դրսում։ Վերեւից ծեփերը ընկնում էին։ Բայց աշխատում էինք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում է կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։

Շենքային պայմաններից բացի, Երեւանի կրկեսում սպասվում են ծրագրային լուրջ փոփոխություններ, միջազգային համագործակցություն։ Նորովի հանդես եկող կրկեսում կլինի նաեւ սառցե, ջրային կրկես:

Կրկեսի վերնամասում կկառուցվի հատուկ հյուրանոց` հյուրախաղերի ժամանած արտիստների համար։

Ինչ վերաբերում է տեղական որակյալ կադրեր պատրաստելուն՝ այսօր էլ Լենոիդ Ենգիբարովի անունը կրող ստուդիան չի դադարում աշխատել:

Սոս Պետրոսյանի խոսքով, այս շքեղությունը կրկեսասեր հանրության համար շատ թանկ չի արժենա․ մի փոքր կթանկանան մեծահասակների տոմսերը, իսկ երեխաների համար նախատեսված տոմսի գինը կմնա անփոփոխ:

Your browser doesn’t support HTML5

Գալիք տարվա վերջին կունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող կրկես