Հուլիսի 11-ը Բնակչության համաշխարհային օրն է

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ այս տարի աշխարհի ուշադրությունը սեւեռված է վերարտադրողական առողջության հասանելությանը: Հայաստանում թեեւ վիճակը վերջին 10 տարիներին բարելավվել է, այնուամենայնիվ կան դեռեւս չլուծված կարեւոր խնդիրներ, որոնցից է ծնելիության կտրուկ նվազումը:

Հայրապետյանի համոզմամբ` Հայաստանի համար ժողովրդագրական այսպիսի իրավիճակը պարզապես անթույլատրելի է:

ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ 2011 թվականի ծնունդները 2010-ի համեմատ նվազել են 1400-ով: 2012-ի առաջին վեց ամսվա ծնունդները 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 700-800-ով: Ծնելիության վրա ազդող գործոններն, ըստ Սարիբեկյանի, շատ են. - «Եթե քիչ են ծնվել, ապա քիչ էլ վերարտադրում են: Հիմա վերարտադրողական տարիքում են 90-ական թվականներին ծնվածները: Մենք 90-ականներից մինչեւ 2002 թվական ունեցանք ծնելիության կտրուկ անկում»:

Նախարարության հետազոտությունները պարզել են, որ երիտասարդները ցանկանում են 2-3 երեխա ունենալ, սակայն սոցիալական վիճակը շատ հաճախ ցանկությունների հետ չի համընկնում:

Մեկ այլ լուրջ խնդիր է սեռով պայմանավորված աբորտների թիվը:

«Խնդրի կանխարգելման առաջին քայլը հետազոտությունն էր, որի արդյունքում պարզ է դարձել, որ հայերը հիմնականում այդ քայլին դիմում են 3-րդ երեխայի դեպքում: Եթե առաջին երկուսը աղջիկ են, 3-րդ արդեն ցանկանում են, որ տղա լինի: Բնությունն արդեն իսկ դրել է տարբերություն, աշխարհում ավելի շատ տղաներ են ծնվում: Սելեկտիվ աբորտների պատճառը ավանդույթներն են, շատերը կարծում են, որ տան ծուխը պետք է շարունակող լինի, իսկ դա կարող է անել միայն արու զավակը: Սակայն այս վերաբերմունքը պետք է փոխվի օրենքի, որոշման կամ այլ տարբերակով», - համոզված է Սարիբեկյանը:

«Հանուն ընտանիքի եւ առողջության համահայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Մերի Խաչիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք հետազոտություններ են անցկացրել եւ պարզել, որ Հայաստանում աբորտների պատճառ է դառնում նաեւ այն, որ չեն օգտագործում հակաբեղմնավորիչ միջոցներ:


Your browser doesn’t support HTML5

բնակչություն