Խմբագիրը բավարարված չէ իր դեմ հարուցված գործը կարճելու փաստով

Հայկ Գեւորգյանը կալանքից ազատ արձակվելուց հետո, 6-ը փետրվարի, 2012

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել այս տարվա հունվարի 13-ի աղմկահարույց «վրաերթի» գործով տուժող ճանաչված Աշոտ Ֆրանգուլյանին՝ սուտ մատնության մեղադրանքով:

Ֆրանգուլյանի ցուցմունքների հիման վրա Հայկ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը, դատարան չմտնելով, հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Սակայն Գեւորգյանը բողոք է ներկայացրել վերադաս մարմնին՝ Երեւանի դատախազին, պահանջելով նախ գործը կարճել հանցագործության դեպքի բացակայության հիմքով, քանի որ ըստ նրա, վրաերթն ապացուցող փաստեր այդպես էլ ձեռք չեն բերվել, երկրորդ՝ քրեական գործ հարուցել Ֆրանգուլյանի դեմ, ով հրապարակավ, հեռուստաեթերներով պատմել էր, թե ինչպես է Հայկ Գեւորգյանը իրեն վրաերթի ենթարկել, մարմնական վնասվածքներ հասցրել ու հեռացել, ինչը եւս գործով չի ապացուցվել:

«Դրանից հետո արդեն եթե իրավապահները ցանկություն կունենան, կարող են բացահայտել, թե ով է պատվիրել Աշոտ Ֆրանգուլյանի «վրաերթը»: Պիտի պարզվեն այդ անձինք, հետո պիտի պարզվի, թե ինչպես է գործում հայտնվել բժշկական փորձաքննության եզրակացություն, որ իր ոտքին կա կոտրվածք այն դեպքում, երբ դեպքի հենց հաջորդ օրը նրան բուժող բժիշկը ասել է, որ ոտքի վրա բացարձակապես որեւէ վնասվածք չկա», - ասաց Գեւորգյանը:

Հայկ Գեւորգյանը փետրվարի 3-ին կալանավորվեց քաղաքացուն վրաերթի ենթարկելու, մարդու առողջությանը անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեղադրանքներով: Նա երեք օր կալանքի տակ մնալուց հետո հասարակական ճնշման արդյունքում փետրվարի 6-ին ազատ արձակվեց` չհեռանալու մասին ստորագրությամբ: Գեւորգյանը, ով հենց սկզբից էլ հայտարարում էր այս «վրաերթի» պատվիրված եւ «սարքված լինելու» մասին` պայմանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթում այդ օրերին ոստիկանապետի մասին իր հոդվածներով, այսօր պատահական չի համարում նաեւ գործը դատարան չհասցնելը:

«Եթե դատարանում ես սկսեմ հարցաքննել Ֆրանգուլյանին, էդ շղթան հերթով կբացվի, եւ կարծում եմ, որ կհասնի մինչեւ Վովա Գասպարյանին: Հենց այդ օրը առավոտյան հրապարակվել էին իմ երկու նյութերը Վովա Գասպարյանի դստեր եւ [նրա մեքենայի վրա] տեխզննման կտրոնի բացակայության մասին: Հենց այդ օրը առավոտվանից իմ հետեւից պետավտոտեսչության մեքենա է շրջել, ես դա էլ եմ արձանագրել», - ասաց նա:

Վկայակոչելով, որ մի քանի օր անազատության մեջ է գտնվել, 5 ամիս էլ մեղադրյալի կարգավիճակում է եղել, բայց փաստորեն իր գործողություններում որեւէ հանցակազմ չի հայտնաբերվել, Հայկ Գեւորգյանը հայտարարեց, որ փոխհատուցման պահանջ է ներկայացնելու եւ պահանջելու է, որպեսզի իրեն անհիմն կալանավորելու եւ քրեական հետապնդման ենթարկելու համար մեղավորները պատասխանատվություն կրեն եւ ներողություն խնդրեն:

«Իմ նկատմամբ նման բան են արել, եւ պիտի պատասխանատուներին գտնեն, թե չէ ի՞նչ` հա, գործը կարճեցինք կամ հանցակազմ չի եղել, վայ-վույ: Ես դա էդպես չեմ թողնի: Իմ կարծիքով պատասխան պիտի տա անձամբ Վովա Գասպարյանը», - ասաց նա:

Իրավաբան, փաստաբան Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով Հայաստանում ընդհանուր իրավիճակը, կարծիք հայտնեց, որ համատարած են առանց հիմնավոր կասկածի մարդկանց կալանավորելու եւ քրեական հետապնդելու դեպքերը, ինչը որոշ դեպքերում պատվերի, որոշ դեպքերում էլ քննիչների թերացման հետեւանք է: Նրա խոսքով` դատարաններն էլ որպես կանոն խափանման միջոց ընտրելիս բավարարում են նախաքննական մարմնի միջնորդությունը:

«Անգամ մեղադրանքներ առաջադրելուց բավարար է, որպեսզի մեկը մեկի վրա կիսատ-պռատ ցուցմունք տա, եւ դա հիմք դառնա մյուսի դժբախտության համար: Քննիչները այլ ապացույց հավաքելու հարկ չեն համարում կամ չեն կարողանում, մասնագիտական ունակությունները չի ներում, էլ չեմ ասում այս պատվերով գործերի մասին», - ասաց Սաֆարյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ ապօրինի կալանավորման եւ քրեական հետապնդման բազմաթիվ գործեր հասնում են Եվրադատարան եւ դատարանը բավարարում է բողոքները ՝ տուգանելով Հայաստանի Հանրապետությանը, Սեդա Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ այդ գումարները պետք է գանձվեն ապօրինի քրեական հետապնդում իրականացրած պաշտոնյաներից եւ քննիչների միջնորդությունները բավարարած դատավորներից:

«Անգամ շատ ցանկալի կլինի, որ արգելանքներ կիրառվի նրանց գույքի եւ այլնի նկատմամբ մինչեւ Եվրոպական դատարանում գործերը կլսվեն, կքննարկվեն: Ցանկալի կլինի, որ պետությունը պետական բյուջեից հատուցելուց հետո ռեգրեսիվ հայցի իրավունքով նույն դատավորներից կարողանար այդ գումարները ստանալ, որովհետեւ ես էլ եմ ցավում, որ մեր պետությունը մի տեսակ պատժվում է: Նրանց կողմից կատարված ապօրինությունների պատճառով ինչո՞ւ պիտի պետությունը պատժվի», - ասաց փաստաբանը:

Your browser doesn’t support HTML5

Խմբագիրը բավարարված չէ իր նկատմամբ հարուցված գործը կարճելու փաստով