Գիտական աշխարհի սենսացիա, որը, ըստ ֆիզիկոսների, կարելի է գրեթե 99 տոկոսով ապացուցված համարել` Ժնեւում տեղակայված Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնը անցած շաբաթ հայտարարել է, որ Հադրոնային մեծ բախիչի («քոլայդերի») միջոցով հայտնաբերվել է այսպես կոչված «Հիգզի մասնիկը»։
Անցած դարի 60-ականներին բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Հիգզը հրապարակել է մի գիտական ենթադրություն, որի համաձայն` պետք է գոյություն ունենա ենթաատոմային մասնիկ, ֆիզիկոսների տերմինով` «բոզոն», որի դաշտերի շնորհիվ Տիեզերքի ցանկացած նյութ ձեւ եւ զանգված է ստանում։ Այլապես Տիեզերքն իրենից կներկայացներ ըմբռնման համար անհասկանալի մի տարածք, որում լույսի արագությամբ անվերջ եւ քաոսային ձեւով մասնիկներ են պտտվում։ Պետք է որ լինի մի ուժ, մի գործոն, որը միմյանց է միացնում Արարումի տարրերը։
Գիտական աշխարհն ընդունել է Հիգզի թեզը, այդ մասնիկն էլ բրիտանացու պատվին Հիգզի անունն են տվել։
Իսկ հետո` գրեթե կես դար զարմանալի վիճակ էր. մասնիկի գոյությունը չեն հերքում, մասնիկի անունը կա, բայց բուն «բոզոնը», որը պետք է բացատրի տարրական մասնիկների արդիական տեսությունը, այլ կերպ ասած` Ստանդարտային մոդելը ապացուցող անհրաժեշտ այդ անորսալի մասնիկը չկա։
Գիտական աշխարհին մոտ կանգնած հրապարակախոսները Հիգզի «բոզոնը» երբեմն նաեւ «Աստծո մասնիկ» են անվանում, քանի որ այն կարգավորող, կարելի է ասել` սոսնձող դեր ունի Արարման համար։
Ի դեպ, գիտնականներն այդ կարգի որակումներից եւ լիրիկական շեղումներից զերծ են մնում։
Գիտնականների համոզմամբ, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի հայտնագործությունն իսկապես դարակազմիկ է։
Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնը, սակայն, զգուշավորությամբ է խոսում։ Այնտեղ պնդում են, որ դեռ պետք է մանրամասն վերլուծել Հադրոնային մեծ բախիչի հետազոտությունների արդյունքները։ Դա գուցե ամիսներ կտեւի։
«Սա, իհարկե, պատմական շրջադարձ է, բայց առջեւում մեծ աշխատանք է։ Մենք հպարտանալու եւ երջանիկ լինելու իրավունք ունենք, սակայն սա միայն սկիզբն է», - ասել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոլֆ-Դիթեր Հոյերը եւ ավելացրել. - «Սա համաշխարհային նշանակություն ունի ապագայի համար եւ շատ ճիշտ պահին է եղել, մենք կարող ենք շատ, շատ լավատես լինել»։
Փիթեր Հիգզը 83 տարեկան է, նա Էդինբուրգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։ Ենթադրվում է, որ այս տարի նա կարժանանա Նոբելյան մրցանակի։ Չի բացառվում, որ այն միաժամանակ տրվի նաեւ բելգիացի Ֆրանսուա Էնգլերտին եւ եւս մի քանի գիտնականների։
Գիտնականները բացահայտել են Արարման կարեւոր գաղտնիքներից մեկը, բայց չմոռանանք, որ դրանք շատ-շատ են, գուցեւ` անհաշիվ։
Բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Հիգզը կարող է արժանանալ այս տարվա Նոբելյան մրցանակին։