ԵԽ-ն Հայաստանում գործողությունների եռամյա ծրագիր է սկսում

Եվրոպայի խորհուրդը հուլիսի 12-ին Երեւանում կտա եռամյա գործողությունների ծրագրի մեկնարկը` ի աջակցություն մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում Հայաստանի բարեփոխումների օրակարգի:

Հայաստանում Եվրախորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն` նոր ծրագրի իրականացումը կարժենա 15 միլիոն եվրո: Ծրագրի գործողությունը կենտրոնացած կլինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային, մարզային եւ տեղական մակարդակներում ամուր ժողովրդավարական հաստատությունների եւ գործընթացների, ինչպես նաեւ հանրային որոշումների կայացման գործընթացում հիմնական հասարակական եւ քաղաքացիական գործիչների ավելի ակտիվ մասնակցության վրա:

Մեկնարկային համաժողովի բացման խոսքով հանդես կգա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին` Ծրագրերի գլխավոր տնօրենը եւ Եվրախորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարի տեղակալը, կներկայացնի գործողությունների ծրագիրը:

Հաղորդագրությունում նշված է նաեւ, որ Հայաստանը 2013 թվականի մայիսից մինչեւ նոյեմբեր նախագահելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն։