Նոր անձնագրերի տրամադրման հարցում խնդիրներ դեռեւս կան

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի ունկնդիրները շարունակում են բողոքել, թե խնդիրներ են կան նոր անձնագրերի տրամադրման հարցում:

60-ամյա մի քաղաքացի «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ երկրորդ շաբաթն է, ինչ Էրեբունու տարածքային բաժինը իրեն անձնագիր չի տրամադրում. - «Եթե մի հանրապետություն իր քաղաքացու անձնագրի հարցը չի կարողանում լուծել, ինչի՞ մասին է խոսքը»:

Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ամեն ինչ արվում է խնդիրն արագ լուծելու համար:

Մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանը ընդունել էր, թե «դժգոհությունների մեջ կա արդարացիություն», սակայն պրոբլեմը «շահարկվում է». - «Սղությամբ պայմանավորված` տարաժամկետվել են անձնագրերը ստանալու գործընթացները, մեկ-երկու օր հետաձգվել է: Մենք ունեցել ենք բլանկների մատակարարման խնդիր, բլանկների մատակարարումը մի փոքր դանդաղել էր` պայմանավորված նրանով, որ մեր կապալառու կազմակերպությունում ինչ-որ տեխնիկական խնդիրներ կային, նաեւ` նոր սերնդի բիոմետրիկ համակարգերի ներդրման ժամանակահատվածում, երբ համակարգը ապրոբացվում էր: Այս շրջանում տեխնիկական խնդիրներ են եղել, որ քաղաքացիներին բնականոն ձեւով ծառայություններ չեն մատուցվել»:

Նրա խոսքով` վարչությունը նշված ձեւանմուշների (բլանկերի) շուրջ 50 հազար օրինակ է ստացել, եւ խնդիրը լուծված է, պարզապես ուշացումներից դժգոհող մարդիկ «այլ երանգներ են հաղորդում եղելությանը». - «Այս տարաժակետումները անձնագրային ծառայողների մեղավոր գործողությունների արդյունքում չեն եղել: Եվ արդեն անձնագրավորման գործընթացը իր բնականոն հունով շարունակվում է»:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե սիրիահայերին տրվող անձնագրերն են դարձել սղության պատճառը` ապա այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 1500 սիրիացի է դիմել ՀՀ անձնագիր ստանալու համար:

Ընտրություններին ընդառաջ մեծ խմբաքանակով անձնագրեր տպագրելու մասին խոսակցություններին պաշտոնյան արձագանքում է. - «Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացով պայմանավորված որեւէ անձնագրավորման հանգամանք չի վերանայվել, չի փոփոխվել»:

Your browser doesn’t support HTML5

Նոր անձնագրերի տրամադրման հարցում խնդիրներ դեռեւս կան