Անչափահասների դատավարության ուղղությամբ առկա խնդիրները

Անչափահասների արդարադատության համակարգը` սկսած դատավարությունից մինչեւ դատապարտում, հիմնականում չի համապատասխանում ընդունված միջազային չափանիշներին:
Հայաստանում անչափահասների նկատմամբ դատավարությունների ընթացքում հաճախ հաշվի չեն առնվում երեխայի տարիքային եւ խոսքի ընկալման առանձնահատկությունները, չկան անչափահասների գործով մասնագիտացված դատարաներ ու դատավորներ:

Դատական հոգեբան Արշակ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներից մեկում ընդգծել էր, որ դատավարությունները հիմնականում ուղեկցվում են անչափահասների համար ոչ հասկանալի լեզվով` հագեցած իրավական տերմիններով:

Դատավարության ընթացքում, անտեսելով դեռահասության շրջանի առանձնահատկությունները, անչափահաս մեղադրյալին հաճախ տրվող հարցերի ինտոնացիան կարող են բորբոքել նրա մեջ այդ տարիքին բնորոշ տաքարյունության դրսեւորումները` պոռթկումներ, ագրեսիվություն եւ այլն: Այս երեւույթները հաճախ ընկալվում են որպես դիմացինին ոչնչացնելու փորձ անչափահասի կողմից, այնինչ հոգեբանները փաստում են, որ դրանք իրականում ինքնահաստատաման ու ինքնաճանաչման խնդիր լուծող դրսեւորումներ են:

Նշված խնդիրները ներառված էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ նախորդ տարի հրատարակված «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» զեկույցում: Նույն այս խնդիրների քննարկման եւ առաջարկ-փոփոխությունների համար այսօր միջոցառում էին կազմակերպել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» եւ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունները: Արդեն պատրաստ է անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները կարգավորող քրեական դատավարության օրենքի նախագիծը, որում, ըստ Unicef-ի ներկայացուցչի, ներառված չեն մի շարք կարեւոր դրույթներ ու կետեր:

Նշված նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանն ասաց, որ այս նախագծով նախատեսվում է կարգավորել միայն անչափահաս մեղադրյալների, այլ ոչ թե անչափահաս տուժողի ու վկայի մասով իրականացվող քրեական վարույթը: Նոր նախագծով նախատեսվում է արագացնել անչափահաս մեղադրյալի դատավարության ընթացքը, դատավարությանը մասնակից կարող է դառնալ միայն հոգեբանը, այլ ոչ թե մանկավարժը, անչափահաս մեղադրյալը պարտադիր պետք է ունենա պաշտպան եւ հոգեբան, հարցաքննությունը չի կարող տեւել 2 ժամից ավելի եւ այլն:

Նախագիծը կառավարությանը կներկայացվի արդեն օգոստոսի վերջին կամ սեպտեբերի սկզբին :

Your browser doesn’t support HTML5

Անչափահասների դատավարության ուղղությամբ առկա խնդիրները