Հայաստանը քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքով, չնայած դրան, Զինված ուժերը մշտապես պատրաստ են ռազմական գործողությունների վերսկսմանը։

«Իրադրության գնահատման արդյունքում մենք եկել ենք այն եզրակացության, որ այսօր ռազմական գործողությունների սկսման հավանականությունը ցածր աստիճանի վրա է», - այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին`հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: - «Չնայած դրան, Զինված ուժերը եւ նրա ղեկավարությունը մշտապես պատրաստ են»։

Հունիսի սկզբին կտրուկ աճեց լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածներում: Տեղի ունեցած արյունալի բախումների հետեւանքով ադրբեջանական կողմը տվեց 7 զոհ, իսկ հայկական կողմից զոհվեցին չորս զինծառայողներ: Այդ միջադեպերից հետո Հայաստանում անցկացվեցին հատուկ զորավարժություններ, որոնց ժամանակ փորձարկվեց, թե Հայաստանի պետական համակարգը ինչպես է գործելու պատերազմի ժամանակ:

Սեպտեմբերին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:

ՀԱՊԿ այդ զորավարժություններին ընդառաջ սկսեց ակտիվություն ցուցաբերել Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանը: Հայտնի դարձավ, որ մինչեւ այս տարվա վերջ Ռուսաստանը կրկնապատկելու է Գյումրիում գտնվող իր ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը, բացի այդ հայտարարվեց, թե 20 տոկոսով ավելացել է Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարը այսօր նաեւ նշեց, թե սահմանային իրավիճակի սրման միջոցով Ադրբեջանը փորձում է ազդել միջազգային կառույցների վրա, որպեսզի ղարաբաղյան բանակցային գործընթացն ավելի արագ ընթանա:

«Նաեւ փորձ է արվում միակողմանի պարտադրանքի մթնոլորտ ստեղծել, որին, իհարկե, մենք դեմ ենք եւ մենք այդ պարտադրանքի իրավիճակում մեկ անգամ գտնվել ենք պարտադրված պատերազմի ժամանակ եւ կարողացել ենք այդ իրավիճակից դուրս գալ», - նշեց Սեյրան Օհանյանը։

«Այսօր էլ այդ դիվերսիոն-հետախուզական գործողություններին, հակառակորդի դիպուկահարների կրակոցներին մենք արժանի պատասխան ենք տալիս»,- շարունակեց Հայաստանի պաշտպանության նախարարը: - «Գտնում եմ, որ այդ խնդիրները Զինված ուժերի համար փոքր խնդիրներ են եւ մենք ժամանակի ընթացքում եւ նաեւ իրադրությունից ելնելով արժանի կերպով լուծում ենք»։

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը