Մարիո Բալոտելին` «Եվրո - 2012»-ի գերաստղ

Մարիո Բալոտելին Գերմանիայի հավաքականի դարպասը երկրորդ գնդակը ուղարկելուց հետո, Վարշավա, 28-ը հունիսի, 2012թ.

Ծագումով գանացի ֆուտբոլիստի երկու գոլերի շնորհիվ Իտալիայի հավաքականը պարտության մատնեց «Եվրո - 2012»-ի ֆավորիտ համարվող Գերմանիայի ընտրանուն։

Squadra Azzurra-ն եզրափակիչում է։ Մարզական մեկնաբանների մեծամասնությունը, մինչդեռ, համոզված էր, որ «Եվրո - 2012»-ի եզրափակիչը կլինի 2008-ի կրկնությունը` չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Իսպանիան եւ Գերմանիան։

Ի դեպ, անցած առաջնության այդ եզրափակիչը տեղի էր ունեցել Վիեննայում, ճիշտ այս օրը` հունիսի 29-ին, եւ Ֆերնանդո Տորեսի գոլի շնորհիվ ավարտվել էր 1։0 հաշվով` հօգուտ իսպանացիների։

2012-ին դրա կրկնության մասին կանխատեսման միայն 50 տոկոսն է իրականացել. իսպանացիների ընտրանին` La Furia Roja-ն, թարգմանաբար` «Կարմիր ցասումը», դուրս է եկել եզրափակիչ։

Սակայն գերմանական Die Mannschaft-ը` հավաքականը, որը խմբային փուլից մինչեւ կիսաեզրափակիչ ոչ մի միավոր չէր կորցրել, պարտվել է իտալացիների Squadra Azzurra-ին` «Կապույտ ընտրանուն»։

Դա կարելի է անվանել «Եվրո - 2012»-ի սենսացիա` չիմանալու դեպքում միջազգային ֆուտբոլի ասպարեզում բոլորին հայտնի մի օրենք, որ Իտալիան հմուտ պաշտպանությունից կայծակնային եւ խիստ վտանգավոր հակագրոհի անցնելու ոճում, թերեւս, անգերազանցելի է ամբողջ աշխարհում։

Խաղից առաջ գերմանացիները համոզված էին, որ կհաղթեն, երկրպագու Շտեֆանը ասել էր. - «Մենք ջարդելու ենք իտալացիներին, դրա համար ենք եկել։ Մենք ցույց կտանք, թե ով է Եվրոպայի իսկական չեմպիոնը»։

Բայց հաջողությանն էին հավատում նաեւ իտալացիները։

«Իտալիան ուժեղ է, մեր աստղերն են Դե Ռոսին, Պիրլոն, այսօր հաղթելու ենք գերմանացիներին», - ասել է երկրպագու Վիչենցեն։

Մինչդեռ, այդ երեկո գերաստղը սեւամորթ իտալացի Մարիո Բալոտելին էր, ով նախ` 20-րդ, ապա` 36-րդ րոպեներին գրավեց Նոյեի դարպասը։ Մեսութ Օզիլի 92-րդ րոպեին իրականացրած 11-մետրանոցը գերմանացիների միակ գոլն էր։

Մարիո Բալոտելին ծնվել է Իտալիայում, Գանայից ներգաղթած Թոմաս եւ Ռոզ Բարվուահի ընտանիքում։

Նա երեք տարեկան էր, երբ թշվառ ծնողները երեխայի խնամակալությունը վստահել են Ֆրանչեսկո եւ Սիլվիա Բալոտելիների ընտանիքին։

Երեկվա իր գոլերը Մարիոն նվիրել է տիկին Սիլվիային։

Կիրակի օրը Իտալիան եզրափակիչում մրցելու է Եվրոպայի եւ աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հետ։