Սանկտ Պետերբուրգում կկայանա Քլինթոնի եւ Լավրովի հանդիպումը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է կանանց խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովին։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի կունենա նաեւ պետքարտուղարի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են մի շարք խնդիրներ, որոնցից առավել հրատապը երկուսն են` Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակը եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած «Մագնիտսկու օրենքը»։

Կրեմլի վրդովմունքը հարուցած այդ փաստաթուղթը օրենքի ուժ ստանալու դեպքում ամերիկյան կողմին թույլ կտա մերժել մուտքի արտոնագրերի տրամադրումը բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր, ամերիկացիների կարծիքով, կարող են առնչություն ունենալ «Մատրոսկայա տիշինա» բանտում իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան գործի հետ։

Ռուսական կողմը այդ առիթով հայտնել է, որ ի պատասխան դրան` պաշտոնական Մոսկվան մուտքի արտոնագրեր չի տրամադրի ամերիկացիներին։

Սանկտ Պետերբուրգում Քլինթոնը ռուսներին կհորդորի սիրիացիներին չվերադարձնել Ռուսաստանի գործարաններում նորոգված մարտական ուղղաթիռները եւ ընդհանրապես զերծ մնալ այդ երկրին զենք մատակարարելուց։

Վերլուծաբանների կարծիքով` ե՛ւ պաշտոնական Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը աջակցում են ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի միջնորդական ծրագրին։