Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ ընդդիմադիր Վարդան Մալխասյանի, ով 2006 թվականի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ 2007-ի օգոստոսին դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման:
Եվրադատարանը հունիսի 26-ին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Վարդան Մալխասյանին նախնական կալանքի տակ պահելու գործընթացն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը: Այդ խախտումների դիմաց պետությունը պետք է Մալխասյանին վճարի 4500 եվրոյին համարժեք փոխհատուցում:
Ինչպես տեղեկացանք Եվրադատարանում ընդդիմադիրի շահերը ներկայացնող փաստաբան Մուշեղ Շուշանյանից, վճիռը հիմնականում վերաբերում է մինչեւ ազատազրկման դատավճիռը Վարդան Մալխասյանի նախնական կալանքի ժամկետը պարբերաբար երկարաձգելու` դատարանի որոշումներին. Եվրադատարանն արձանագրել է, որ բավարար հիմքեր չեն եղել այդ շրջանում նրան շարունակաբար անազատության մեջ պահելու համար, եւ կալանքի ժամկետը երկարաձգելու հիմնավորումները եղել են «վերացական»: Հիշեցնենք, այն ժամանակ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ (այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ) Վարդան Մալխասյանի ու համակարգող Ժիրայր Սեֆիլյանի աղմկահարույց ձերբակալությունները հաջորդեցին կառույցի` 2006-ի դեկտեմբերի 2-ի հավաքին: Մալխասյանը ավելի քան համոզված է, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում սկսելը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերն է եղել, ինչի դիմաց հիմա պետք է տուգանվի Հայաստանի Հանրապետությունը:
«Ես անհիմն եմ եղել նախնական կալանքի տակ: Ինձ կարող էին ստորագրությամբ բաց թողնել, որովհետեւ ես նախկինում դատված չեմ եղել, փախած չեմ եղել: Առաջին քաղբանտարկյալներից էինք, աշխարհն է մեզ համարել քաղբանտարկյալ... Քոչարյանը լուրեր ուներ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գալու է քաղաքական ասպարեզ, արդեն գալիք ընտրություններից առաջ իրենք նախականխիչ գործողություններ սկսեցին ձեռնարկել: Դրա համար հրահանգ իջեցրեց, որ շատ դեմոնստրատիվ ձեւով մեզ ձերբակալեն: 10 քննիչներ էին զբաղվում մեր գործով: Ապշեցուցիչ բան է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մալխասյանը` շարունակելով. - «Հոդվածը, որով քրեական գործ էին հարուցել, կարելի էր ավարտել մեկ օրում, քանի որ ամեն ինչ պարզ էր: Վեց ամիս քննություն էր գնում 10 քննիչներով: Մեզ որ դատավարության էին տանում, համ ոստնաշղթաներ էին գցում, համ ձեռնաշղթաներ... դիտավորյալ, ցուցադրաբար, որ տեսե'ք, սրանց ինչ օրն ենք գցել»:
Մալխասյանին ձերբակալել էին հավաքի ժամանակ հնչեցրած կոչերի համար` Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով: Նա իրեն այս հոդվածով երկու տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը եւս բողոքարկել է Եվրադատարանում. ասաց, որ շուտով նաեւ այդ մասով քննությունը կսկսվի: Պատիժը Մալխասյանն ամբողջությամբ կրեց եւ բանտից դուրս եկավ 2008-ի դեկտեմբերին, երբ մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով բազմաթիվ ընդդիմադիրներ արդեն անազատության մեջ էին:
«Ես ասել էի` «սրանց դեմ պետք է պայքարել իրենց զենքով», իրենք այդ «իրենցը» ջնջել են, դարձրել են «սրանց դեմ պետք է պայքարել միայն զենքով»: Մի բառը փոխել են, իմաստը փոխվել է: Սրանք աճպարար են, կեղծարար են, կեղծիքն է սրանց հագեցնում», - ասաց Մալխասյանը:
Մալխասյանը ափսոսանք է հայտնում, որ Եվրադատարանի վճիռների դիմաց վճարում են ոչ թե ապօրինի վճիռներ արձակած դատավորները, այլ պետությունն ու հարկատուն:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուզում է հազար հատ որոշում կայացնի ի վնաս Հայաստանի Հանրապետության, դատավորին գործից չեն հանում, ոչ էլ պատժում են, որովհետեւ իրենց կամակատարն է», - ասաց ընդդիմադիրը:
Թեեւ Մալխասյանը պահանջել էր 110 հազար եվրոյի փոխհատուցում, բայց Եվրադատարանի սահմանած 4500 հազարից դժգոհ չէ, քանի որ կարեւորում է բարոյական հաղթանակը:
«Իրենք ելնում են երկրի հնարավորություններից. անփող, նավ ու նավավար կորցրած երկրից իրենք ինչպե՞ս կարող են 110 հազար վերցնել: 100 հազար ինձ տան… մարտի 1-ի գործով դատվածներից ամեն մեկին որ 100-200 հազար տան, էս բյուջեն փող ունի՞ էդքան, որ տա», - հարցնում է նա:
Եվրադատարանը նույն գործի շրջանակներում քննում է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի բողոքը: Այս բողոքի վերաբերյալ դեռեւս որոշում կայացված չէ:

Your browser doesn’t support HTML5