Հովակիմյանը Ստամբուլում հակադարձել է Ալիեւի մեղադրանքներին

Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որի ժամանակ ելույթով է հանդես եկել Հայաստանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը։

Փոխարտգործնախարարն ընդգծել է անցած 20 տարիների ընթացքում ՍԾՏՀ-ի շրջանակներում համագործակցության նվաճումներն ու առաջընթացը, մասնավորապես՝ կազմակերպության նոր տնտեսական օրակարգի ընդունման փաստը, անդրադարձել միջազգային ասպարեզում ՍԾՏՀ-ի դերի եւ հեղինակության բարձրացման, միջազգային համագործակցության ժամանակակից պահանջներին կազմակերպության համապատասխանեցման անհրաժեշտությանը: Նշվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության եւ երկրի հեղինակության բարձրացման հանգամանքը:

Ի պատասխան գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքների` Աշոտ Հովակիմյանը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ընդգծել է. - «Համաձայն ՍԾՏՀ-ի հիմնարար փաստաթղթերի, այն պետք է մնա տնտեսական մանդատի եւ օրակարգի սահմաններում եւ չի կարող դառնալ քաղաքական քննարկումների ու մեղադրանքների ասպարեզ: ՍԾՏՀ-ի գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների միակ համաձայնեցված միջնորդական ձեւաչափը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունն է»:

Գագաթաժողովն ընդունել է ՍԾՏՀ-ի հոբելյանական հռչակագիրը եւ կազմակերպության նոր տնտեսական օրակարգի վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթը:

Երկուշաբթի օրը Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Թուրքիայի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: