Հունիսի 26-ի մամուլ

«Երկիր» թերթը բովանդակազուրկ է համարում կառավարության ծրագիրն ու հիմնավորում. - «Բովանդակություն չկա, որովհետեւ չկա կառավարության պատասխանատվության գիտակցումը: Գործադիրը համառորեն շարունակում է անցած ծրագրի ձախողումը պայմանավորել բացառապես 2008-09 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամով: Կառավարությունն այդպես էլ չխոստովանեց իր սխալներով, թերություններով պայմանավորված սուբյեկտիվ պատճառների ազդեցությունը ծրագրի տապալման վրա: Մինչդեռ ակնհայտ է` եթե դրանք չլինեին, չէր լինի տնտեսության մրցունակության բարձրացման, փոքր ու միջին ձեռներեցության համար պարզեցված հարկային դաշտի ստեղծման, «կենսագործունեության բարենպաստ միջավայրի եւ արդարության ապահովման» միջոցով արտագաղթի կանխարգելման գերակայությունների վրա ծրագիրը կառուցելու խնդիրը, որոնք պետք է հաղթահարված լինեին 2008-2012 թվականներին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը եւս անդրադառնում է կառավարության ծրագրին` թերահավատություն հայտնելով, մասնավորապես, աղքատության նվազեցման խոստումների վերաբերյալ. - «Կառավարությունը, ինչպես հայտնի է, հայտարարել է, թե մտադիր է պայքարել աղքատության դեմ: Աղքատությունը հնարավոր է կրճատել մի քանի ձեւերով. օրինակ` աղքատության նպատակը նվազում է, երբ ապրանքների եւ ծառայությունների գները մնում են նույնը, իսկ աշխատավարձերն ու թոշակները բարձրանում են, կամ` աշխատավարձերն ու թոշակները մնում են նույնը, իսկ ապրանքների ու ծառայությունների գները նվազում են: Հայաստանում, չգիտես ինչու, հակառակն է տեղի ունենում. մարդկանց եկամուտները նվազում են, իսկ շուրջբոլորն ամեն ինչ թանկանում է: Հայաստանի պրոբլեմն այն է, որ այս ամենը տարերային աղետի պես բան է, եւ հասարակությունը բացարձակապես որեւէ ազդեցություն չունի այդ երեւույթների վրա»:

Մինչդեռ «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մերժում է կառավարության ձախողման մասին պնդումները: «Ձեր ընդդիմախոսները միաբերան պնդում էին, որ ծրագիրն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, քանզի կառավարությունը գրեթե նույն կազմով ձախողել է նախորդ ծրագիրը եւ որեւէ պատասխան չի տվել դրա համար». լրագրողի այս դիտարկմանը Սահակյանը արձագանքում է. - «Չեմ կարծում, թե որեւէ ծրագիր ձախողվել է։ Եթե կառավարությունն ինչ-որ տեղ թերացել է՝ դրա համար եղել են մեղմացուցիչ հանգամանքներ։ Հիմնական մեղմացուցիչ հանգամանքը ֆորսմաժորային իրադարձություններն են՝ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված անակնկալ իրողությունները, որ, բնականաբար, չէին կարող բացասական ազդեցություն չունենալ մեր տնտեսության վրա։ Էդպես որ նայենք, ամբողջ աշխարհի ծրագրերը խառնվել են իրար։ Այստեղ պետք է հաշվի առնել, թե ինչքանով դիմագրավեց կառավարությունը ճգնաժամի հետեւանքներին։ Մենք համարում ենք, եւ այդ փաստարկները բազմիցս բերել ենք, որ դիմագրավել է»։

«Առավոտ»-ի խմբագրականն անդրադառնում է հեռուստասերիալների դեմ սկսված արշավին` նկատելով. - «Ժամանակ առ ժամանակ մեր մտավորականները, ըստ երեւույթին, պարապ մնալով եւ որեւէ անվտանգ հարցով իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու ձգտումով որոշում են զբաղվել սերիալներով: Հեռուստասերիալների դեմ բողոքելն իսկապես «անշառ» գործ է՝ քննադատության թիրախը անորոշ է, լղոզված. ոչ պաշտոնյա է, ոչ օլիգարխ է, ոչ էլ՝ թիկնապահ ու չի կարող քեզ ֆիզիկական վնասվածքներ պատճառել: Որքան գիտեմ՝ ընտրությունների վերաբերյալ կամ, ենթադրենք, «Հարսնաքարում» մարդկանց դաժանորեն ծեծելու մասին մտավորականները նախագահին բաց նամակներով չեն դիմում, իսկ սերիալների հարցով դա արվել է բազմիցս: Հավանաբար ակնկալվում է, որ նախագահը բռունցքը կխփի սեղանին եւ կպահանջի արգելել բոլոր սերիալները, եւ այդ դեպքում հասարակական բարոյականությունը եւ մատաղ սերունդը կփրկվեն բոլոր գայթակղություններից: Իրականում շատ անցանկալի կլիներ, եթե երկրի ղեկավարն այս ձեւով խառնվեր տվյալ խնդրին՝ դա կնշանակեր, որ մենք ապրում ենք տոտալիտար պետությունում: Հենց որ պետությունը կամ նրա ներկայացուցիչները ստանձնում են հասարակական բարոյականության պաշտպանի դերը, դրա հաջորդ քայլը Ճշմարտության նախարարության ստեղծումն է, որը պաշտպանում է ցանկացած արժեք այնպես, ինչպես իշխանությունն ու նրա չինովնիկներն են դա հասկանում»:

Your browser doesn’t support HTML5

Հունիսի 26-ի մամուլ