Մեկնարկեց «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը

Հայաստանում մեկնարկած աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում նախաձեռնողներն իրենց առջեւ մի քանի կարեւոր նպատակներ են դրել` բարձր նախապատրաստվածություն ապահովել արտակարգ իրավիճակների ու աղետների ժամանակ, աղետների առավել հակված շրջաններում զարգացնել երեխաների եւ դպրոցների կարողությունները, նաեւ բացահայտել բնակչության խոցելի խմբերն ու բավարարել դրանց կարիքները:

Save the Children կազմակերպությունը, օրինակ, ծրագրի շրջանակներում աշխատելու է գիշերօթիկ դպրոցներում, խնամքի կենտրոններում. այդ հաստատությունները ընդհանուր առմամբ 21-ն են, որոնցից 10-ը Երեւանում, 11-ը` մարզերում: Կազմակերպությունը զբաղվելու է ե'ւ անձնակազմի վերապատրաստմամբ, ե'ւ երեխաների համար հատուկ դասընթացների անցկացմամբ: Կազմվելու են ռիսկերի նվազեցման պլաններ յուրաքանչյուր հաստատության համար:

Հայաստանյան 4 ընկերություններ միաժամանակ կզբաղվեն «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» ծրագրի գործունեությամբ: Ըստ ՕՔՍՖԱՄ-ի գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հոկոբյանի` դա իրոք ողջունելի է եւ լավ համագործակցության օրինակ է. յուրաքանչյուր ընկերություն մտածում է ոչ թե իր ծրագրի մասին, այլ ընդհանուր վերջնական արդյունքի:

ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը նշեց, որ ստեղծվել է աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ եւ հիմնադրամ: Տարածաշրջանում նման պլատֆորմ ստեղծողներից առաջինը Հայաստանն է:

Այսօր մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը: Եվրախորհրդի հումանիտար գրասենյակի (DIPECHO) կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի առաջին փուլն իրականացվել է «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության օգնությամբ Վայոց Ձորի 10 համայնքներում:

Ծրագիրն իրականացնող մյուս ընկերությունը Հայկական կարմիր խաչի ընկերությունն է:

«Մեր երկրին շատ մարտահրավերներ են նետված, բայց բնության կողմից մարտահրավերները լինում են ամբողջ երկրագնդի վրա», - նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:

Your browser doesn’t support HTML5

Մեկնարկեց «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը