Հունիսի 22-ի մամուլ

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Վերջին երկու օրերին խորհրդարանում իսկական պատերազմ էր ծավալվել կառավարության ծրագրի շուրջ։ Եվ դա լավ է։ Նշանակում է երկար ընդմիջումից հետո վերջապես նորից խորհրդարան ունենք։ Պատգամավորների ելույթներում կար ամեն ինչ ու ցանկացած ճաշակի համար. ե՛ւ ավգյան ախոռները մաքրելու կոչեր, ե՛ւ Լերնեյան հիդրային, ինչպեսեւ Էրիմանթոսյան վարազին հաղթելու ձգտում, բազմաթիվ այլ բաներ։ Ճիշտ է, փոքր ինչ շփոթեցնում էր այն հանգամանքը, որ հայրենի պատգամավորներն այնուամենայնիվ հերակլեսներ չեն։ Թե ընդհանրապես կգտնվի՞ ներկայիս սերունդների կյանքի օրոք այդօրինակ Հերակլես, առանձին ու հետաքրքիր հարց է։ Բայց ոչ առաջնահերթ կարեւորության։ Գլխավորն այն է, որ խորհրդարանում վերջապես ծավալվեց իսկական պատերազմ։ Ըստ որում՝ ընդդիմախոսները չափազանց հմտորեն ներկայացնում էին կառավարությանը որպես արարքների բացարձակ անհասկանալի դրդապատճառներ ունեցող երեւույթ։ Դա չափազանց արդյունավետ հնարք է, ինքներս էլ երբեմն կիրառում ենք այն։ Ինչեւէ, կառավարությունը պետք է լուրջ դասեր քաղի ստացած քոթակից»։

Իսկ այդ քննարկումների վերաբերյալ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Իրավունք»-ին ասում է. - «Քննարկումները ինձ վրա դրական տպավորություն են թողնում, բացառությամբ մեկ-երկու ելույթի, եւ մենք կարողացանք խուսափել անձնական վիրավորանքներից, ագրեսիայից, չնայած որ քաղաքական ամբողջ ներկապնակը չխուսափեց պոպուլիզմից, սուբյեկտիվությունից, բայց դրանք քաղաքական պայքարում ընդունելի, կամ հանդուրժելի խնդիրներ են: Անհանդուրժելի են վիրավորանքը, բացահայտ սուտը, չարությունն ու անհանդուրժողականությունը: Կարծում եմ, որ այս փորձության շնորհիվ խորհրդարանը կոփվեց, որովհետեւ կարեւորագույն քաղաքական փաստաթղթի քննարկմանը մասնակցում են քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկ ավանդական ուժերը, բացառությամբ Կոմկուսի, որը չանցավ խորհրդարան: Իսկ գալիք տարիներին մեզ սպասվում է հետաքրքիր աշխատանք քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք կան խորհրդարանում»:

«Իրատես de facto»-ին տված հարցազրույցում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը գնահատում է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը. - «Քաղաքական դաշտն այս ընտրություններից հետո գտնվում է վերաձեւավորման շրջանում` հստակեցվում են դիրքորոշումներ, ճշգրտվում են տեսակետներ, քաղաքական ուժերը փորձում են տեղավորվել նոր իրավիճակի շրջանակներում: Հստակ ունենք իշխանական երկու ուժ` ՀՀԿ եւ ՕԵԿ, երեք ընդդիմադիր ուժ եւ ԲՀԿ, որ որդեգրել է ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն քաղաքականություն, որը ժամանակի ընթացքում անպայման կորոշակիացվի, քանի որ քաղաքական ուժը կամ իշխանություն է, կամ ընդդիմություն: Այլ պարագան ընկալելի չէ ոչ միայն տեղական, այլ նաեւ ժամանակակից աշխարհում գործող քաղաքական համակարգերի համար»:

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Եվ այսպես` օլիգարխներն անցել են գրոհի: Հիմա էլ` Սամվել Ալեքսյանյանը: Գոյություն ունի միայն մեկ հարց` իրավունք ունե՞ն նրանք իրենց պահել այնպես, ինչպես պահում են: Ես կարծում եմ` այո, իրավունք ունեն: Ռուբեն Հայրապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը ԱԺ պատգամավոր են ընտրվել միանգամայն լեգիտիմ ճանապարհով. մարդիկ տոտալ ընտրակաշառք են բաժանել եւ գրեթե առանց քվե կեղծելու դարձել են ԱԺ պատգամավոր: Հասարակությունն իր ականջներով է լսել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը Ավանի եւ Մալաթիայի ընտրողներին կոչ արել մեծամասնական ընտրակարգով քվեարկել Ռուբեն Հայրապետյանի եւ Սամվել Ալեքսանյանի օգտին: Հասարակությունն, այդպիսով, գիտի այն մարդուն, ով ուղղակիորեն պատասխանատու է հիշյալ երկու օլիգարխի ջրի երեսին մնալու փաստի համար: Ի՞նչ է տեղի ունեցել: Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը մահվան դուռն է հասցրել զինվորական բժշկին: Երբ պարոն Հայրապետյանը ընտրակաշառք էր բաժանում ընտրվելու համար, դրա մեջ զինվորական բժշկին ծեծելը չէ՞ր ենթադրվում»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանին «Ժողովուրդ» թերթի թղթակիցը հարցնում է. - «Ձեր կարծիքով` հիմա Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան համագործակցություն կա՞, թե՞ հակամարտում են»: Պատասխան. - «Ես կարծում եմ` իշխանությունը պահելու հարցում նրանք միասնական են, իսկ միգուցե այլ հարցերում խնդիրներ ունեն, ես չգիտեմ, ու բացարձակ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքիր է քաղաքական առումով, որ նրանք փորձում են այս իրավիճակը պահել, եւ մեկը մեկին փոխանցել. դա ինչ դեպքերով, ինչ տեսքերով կլինի` էական չեմ էլ համարում: Նրանք իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն ինչի: Նրանց չի հետաքրքրում Ղարաբաղի խնդրի լուծումը, Ղարաբաղի սահմանադրության համաձայն` այդ տարածքներով նոր Հայաստանի կառուցումը»:

Your browser doesn’t support HTML5

Հունիսի 22-ի մամուլ