Հայրապետյանը դատապարտում է «Հարսնաքար»-ի միջադեպը

Ռուբեն Հայրապետյան

Հանրապետական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել իր ընտանիքնին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ:

«Հարսնաքար»-ում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետեւանքով, հիվանդանոցում են հայտնվել Զինվորական հոսպիտալի երեք բժիշկներ, որոնցից մեկի` «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

«Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների, ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես դրան չեմ արձագանքել մի պարզ պատճառով. որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններին ուղղորդելուն ուղղված քայլ: Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», - հայտարարել է Հայրապետյանը:

«Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված եւ այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ եւ անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ: Կան իրենց պարտականությունները կատարող մարդիկ, ովքեր եթե ունեն մեղսակցություն, որը կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից, պատասխան կտան», - ասում է Հայրապետյանը: