Հայաստանը հնարավորություն է ստանում լրացուցիչ 50 միլիոն դոլար ներգրավել ԱՄՀ-ից

ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի «Երկարաձգվող ֆինանսավորման»(EFF) եւ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի չորրորդ ամփոփիչ ստուգումը։

ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն, այս որոշումը Հայաստանի իշխանություններին հնարավորություն է տալիս ներգրավել լրացուցիչ շուրջ 50.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով 269.8 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանին ուղղվող 403.8 միլիոն ԱՄՆ դոլար գումարով EFF եւ ECF եռամյա ծրագրերը ԱՄՀ Գործադիր խորհուրդը հաստատել է 2010 թվականին։

Հաղորդագրությունում նաեւ որոշ գնահատականներ են ներկայացվում Հայաստանի տնտեսության վերաբերյալ։

Մասնավորապես, ասվում է, որ տնտեսության 2012 թ. եւ միջնաժամկետ հեռանկարը դրական է, սակայն ռիսկերից զերծ չէ, որոնք մասնավորապես ի հայտ են գալիս Եվրոպայում եւ Ռուսաստանի միջոցով ազդում Հայաստանի վրա:

Ըստ ԱՄՀ-ի, 2012 թվականին Հայաստանի տնտեսական աճը «կչափավորվի 4 տոկոսից փոքր-ինչ ցածր մակարդակում»: Նախընթաց տարում գնաճը զգալի նվազել է եւ պետք է պահպանվի կենտրոնական բանկի նպատակադրած 4 տոկոսի շուրջը։ 2011 թ. բյուջեի պակասուրդը զգալիորեն ցածր էր ծրագրային թիրախներից՝ արտացոլելով ծախսերի զսպումը: Հավանական է, որ 2012 թ. պակասուրդը լինի չափավոր բարձր, բայց եւ այնպես ծրագրին համահունչ, ընդ որում սպասվում են ավելի բարձր եկամուտներ, որոնք հնարավորություն կտան ավելացնել գերակա ծախսերը:

«Իշխանությունները նախատեսում են իրականացնել գործարար միջավայրի, հարկային եւ կենսաթոշակային բարեփոխումներին ուղղված հետագա միջոցառումներ», - ասված է հաղորդագրությունում, - «Փոխարժեքի ճկունության բարելավման հետ մեկտեղ նշված գործողությունները պետք է բարելավեն արտադրողականությունն ու օժանդակեն աճին եւ արտահանման դիվերսիֆիկացմանը»: