Կրկին փողոցային առեւտրի մասին

Փողոցային առեւտրի շուրջ գոյացած աղմուկը, կարծես թե, մարել է, ցույցեր ու բողոքի այլ ակցիաներ այլեւս չեն կազմակերպվում, քաղաքական կուսակցությունները դադարել են ակտիվ գործունեություն ծավալել խնդրի շուրջ: Դա, սակայն, չի նշանակում, թե խնդիրն այլեւս լուծված է:

Փողոցային առեւտրով զբաղվողները այսօր շարունակում են աշխատել շենքերի մուտքերում, այլ «թաքստոցներում»:

Այսօր նախատեսված էր ակտիվիստների հավաք, որը, սակայն տեղի չունեցավ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացատրեց տիկին Նարինեն` որոշել են խնդրին այլ կերպ մոտենալ:

«Եթե պայքարում ենք, մեր վրա ռեակցիան ավելի են իրականացնում: Սենց գոնե թաքուն մի կտոր հացը հանում ենք», - ասաց նա` շարունակելով. - «Ուղղակի խղճալով մեզ, մեր ամեն տարվա տեսուչներն են, թուլատրել են... Եթե վերեւից ինչ-որ բան ա լինում, հավաքել են տալիս»:

Հարցին, թե արդյոք վճարում են այդ տեսուչներին, տիկին Նարինեն պատասխանեց. - «Չէ, չէ: Ո՞վ կվերցնի»:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հավաստիացնում է, որ խնդրին ընթացք է տրվում, ստեղծված են մինի-շուկաներ, գործում են գյուղատնտեսական շուկաներ: Նրա խոսքով, հարցն այն է, որ առեւտրականները չեն ցանկանում աշխատել նորմալ պայմաններում. - «Ակտիվիստները չեն ուզում կանոնակարգված եւ համապատասխան սահմանված տարածքներում առեւտուր իրականացնել»:

Սպառողների շահերի պաշտպան Ֆրունզե Հայթյանը կարծում է, որ փողոցային առեւտուրը հարիր է մեր քաղաքին. - «Առավել եւս` մրգեր եւ բանջարեղեն եւ այլն… ամառվա սեզոնին ուզենք թե չուզենք: Լավ կլինի, որ դա չլինի, բայց քանի որ այսօր մեր կյանքը չի հասել դրան, գյուղացին աշխատանք չունի, մեզ էլ հարմար է մատչելի գնով վերցնել»:

Your browser doesn’t support HTML5

Կրկին փողոցային առեւտրի մասին