Դռնբաց դատավարության պահանջ՝ բռնության ենթարկված կնոջ համար

Your browser doesn’t support HTML5

Այսօր նախագահի նստավայրի դիմաց «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամները ակցիա էին կազմակերպել՝ հրավիրելով հանրության ուշադրությունը սկեսրոջ եւ ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի դատական գործին:
Բողոքի ակցիային միացան նաեւ Մարիամի համագյուղացիները: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Մարիամ Գեւորգյանի գործով դատավարությունը դռնբաց ընթանա, քանի որ մտավախություն ունեն, որ դռնփակ դատի դեպքում կողմնակալություն կլինի` հօգուտ ամբաստանյալի:

Երկու նամակ հանձնեցին, մեկը՝ Մարիամ Գեւորգյանի փաստաբանի, մյուսը՝ «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի կողմից:

«Մեր պահանջը ուղղված նախագահին, Արդարադատության նախարարին եւ Արդարադատության խորհրդին այն է, որ ուշադրություն հրավիրվի դատարանի գործողությունների վրա, քանի որ գտնում ենք, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի տուժող կողմի նկատմամբ», - ասաց փաստաբան Նոնա Գալստյանը:

«Կանգնել հայտարարում էր, թե ես փող ունեմ (Դավիթ Զիրոյանը), իմ մորը դատարանի դահլիճից կտանեմ տուն: Էդ ի՞նչ ասելու բան է», - ասաց համագյուղացիներից մեկը:

Մարիամ Գեւորգյանը նշեց, որ միջնորդների միջոցով նախկին ամուսինը փորձել է համոզել իրեն մոր դեմ ցուցմունք չտալ.- «Ասում էին, թե մենք ամեն ինչ կանենք, բժշկական ծախսերը կվճարենք, իրենց քեռու տղան է հանդիպել հորեղբորս հետ, ասել են՝ ինչ պետք է կանենք, միայն թե ոստիկանություն մի դիմեք», - ասաց Մարիամ Գեւորգյանը:

Մարիամ Գեւորգյանը ամուսնանալով Սանկտ-Պետերբուրգում բնակվող Դավիթ Զիրոյանի հետ, 10 ամիսների ընթացքում դաժան վերաբերմունքի եւ ծեծի է ենթարկվել թե՛ սկեսրոջ, թե՛ ամուսնու կողմից: Նախկին սկեսրոջ՝ Հայկանուշ Միքայելյանի եւ նախկին ամուսնու՝ Դավիթ Զիրոյանի դեմ քրեական գործ է հարուցվել (Մարիամ Գեւորգյանի եւ Դավիթ Զիրոյանի մեկ այլ կնոջ դիմումի հիման վրա), բայց այժմ անբաստանյալի աթոռին միայն Մարիամի սկեսրուն է, Դավիթ Զիրոյանը ազատ է արձակվել համաներմամբ:

«Երբ եկավ Հայաստան, գնացի Մարիամին տեսնելու, լրիվ անճանաչելի էր, մեջքը, կրծքերը արդուկով վառված, մարմնին պատառաքաղի հետքեր էին, քիթը, մատները կոտրած էին, գլխին կոտրած ապակյա անոթների սպիեր կային», - ասաց հարեւաններից մեկը:

Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ներկայումս Հայկանուշ Միքայելյանը Մարիամ Գեւորգյանի մասով մեղադրվում է քրեական օրենսգրքի 113-րդ՝ հոդվածով, այսինքն՝ առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու մեջ:

«Անցկացվել է դատաբժշկական համապատասխան փորձաքննություն, ըստ եզրակացության Հայկանուշ Միքայելյանը լրիվ ունակ է գիտակցելու իր գործողությունների բնույթը, նշանակությունը եւ դրանց հետեւանքները», - ասաց Նոնա Գալստյանը:

Հաջորդ դռնփակ դատը հունիսի 14-ին է:

Your browser doesn’t support HTML5

Դռնբաց դատավարության պահանջ՝ բռնության ենթարկված կնոջ համար