Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է Տավուշի մարզ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 7-ից 8-ը այցելել է Տավուշի մարզ, եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին։

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Սեյրան Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման եւ ենթակա զորամասերի հրամանատարության հետ:

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ սահմանամերձ գյուղերի բնակչության հետ եւ նրանց հետ զրույցներում ընդգծել, որ «Ադրբեջանի զինված ուժերի ցանկացած սադրանք անպատասխան չի մնում»:

Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ուժերի հավասարակշռության, մեր զինծառայողների պատրաստվածության եւ մարտական բարձր ոգու շնորհիվ է, որ դիվերսիոն գործողություններ ձեռնարկած հակառակորդը, տալով կորուստներ, դիմել է փախուստի։

«Մեր սահմանամերձ գյուղերի, խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացելու դեպքում դարձյալ խիստ ենք լինելու»,- ընդգծել է պաշտպանության նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաեւ կայազորային հոսպիտալում գտնվող ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողներին: Շնորհակալության հայտնելով բարեխիղճ ծառայության, ցուցաբերած զգոնության եւ արիության, Հայրենիքի հանդեպ պարտքը արժանապատվորեն կատարելու համար` Սեյրան Օհանյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում: