Հունիսի 7-ի մամուլ

«Առավոտ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասում է. - «Հայ-ադրբեջանական սահմանագլխին իրականացված այդ սադրանքը նաեւ մարտահրավեր էր՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկրներին եւ առաջին հերթին՝ Ռուսաստանին: Ինձ հետաքրքիր կլինի տեսնել ՀԱՊԿ եւ Ռուսաստանի իրական արձագանքը, եւ այդ արձագանքը պետք է պահանջվի հենց Հայաստանի կողմից: Սա մարտահրավեր է, որը պետք է շատ խիստ կերպով կասեցվի, ընդ որում, կասեցվի անգամ պատժամիջոցների սպառնալիքի միջոցով: Եվ դրա մասին հատկապես Ռուսաստանի պաշտոնատար անձինք պետք է բացեիբաց հայտարարեն, քանի որ այս սադրանքներով նաեւ փորձ է արվել ապացուցել, որ ՀԱՊԿ-ն ի զորու չէ առկա մարտահրավերներին համարժեք արձագանքել»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Ադրբեջանը, ինչպես հայտնի է, քսան տարի շարունակ հայտարարում է, որ իր հիմնական խնդիրը «գրավյալ» տարածքներն ազատագրելն է, բայց ռազմական գործողություններ է սկսում ոչ թե այդ տարածքների ուղղությամբ, այլ դրանցից 150-200 կիլոմետր հեռու` Տավուշի մարզում (ընդ որում` ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի դեմ): Լավ, հասկացանք` այդ տարածքում մեր պաշտպանական դիրքերը գուցե ավելի խոցելի են, բայց մի՞թե դա է միակ պատճառը: Իհարկե ոչ: Հիմնական պատճառն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը դուրս բերեց բանակցային գործընթացից, եւ արդյունքում ստացվեց, որ հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ է: Այդ ճակատագրական սխալից հետո գործնականում տարբերություն չկա` ադրբեջանցիները Ստեփանակե՞րտն են գնդակոծում, թե՞ Տավուշի գյուղերը. երկու դեպքում էլ միջազգային հանրությունը դա ընկալում է որպես «հրադադարի խախտում»` առանց հաշվի առնելու, որ Ադրբեջանը փաստորեն ագրեսիա է իրականացնում միջազգայնորեն ճանաչված անկախ պետության դեմ»:

«168 ժամ»-ի թղթակիցը Ընտրական օրենսգրքի հիմնական հեղինակ Դավիթ Հարությունյանին հարցնում է. - «ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարել Հոֆստրան, ընդունելով, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվել ցուցակների հրապարակմանը, ասաց, թե այդ առումով, այնուամենայնիվ, մտահոգություն կա»: Պատասխան. - «Հոֆստրային շատ հարգելով` պետք է ասեմ, որ ինքը, այնուամենայնիվ, պետք է իմանա իր հնարավորությունների սահմանը: Ինքը փորձագետ չէ, սովորական բյուրոկրատ է այդ համակարգում: Իսկ բյուրոկրատների կողմից փորձագիտական եզրակացություններ անելը շատ վտանգավոր երեւույթ է: Եթե նա ցանկություն ունի աշխատել փորձագետ, ես նրան կառաջարկեի ոչ թե փորձարկումներ անել ՀՀ-ում եւ ոչ թե ՀՀ-ի համար սահմանել յուրահատուկ կանոններ, որոնք Եվրոպայում համարվում են անթույլատրելի, այլ գնալ ու փոխել համաեվրոպական կանոնները: Բանն այն է, որ այս ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով: Շատերի համար նույնիսկ անսպասելի էր, որ մենք պատրաստ ենք այսպիսի թափանցիկ մեխանիզմներ ներդնել»:

«Երկիր» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Բրյուսելում ասուլիսի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկնել է, որ Հայաստանն ընտրել է բարեփոխումների ոչ թե հեղափոխական ճանապարհը, ինչպես հարեւան Վրաստանը, այլ, այսպես կոչված` էվոլյուցիոն, այսինքն` դանդաղ շտապելու: Անցած 5 տարիներին Հայաստանում բարեփոխումների առումով ընդամենը մեկ կոնկրետ, շոշափելի ձեռքբերում է եղել. պետության կողմից մատուցվող որոշ ծառայություններ էլեկտրոնայնացվել են: Եթե այս տեմպն է էվոլյուցիոն զարգացում կոչվում, ապա մեզ կարելի է չնախանձել: Իրականում այն, ինչ մեր իշխանությունները բարեփոխումների էվոլյուցիոն ընթացք են համարում, ավելին չէ, քան տեղում դոփելը, իսկ ավելի պատկերավոր ասած` լճանալը: Սակայն դա մի այնպիսի հանճարեղ ձեւակերպում է, որը հնարավորություն է տալիս արդարացնել դանդաղկոտության ցանկացած տեմպ, ցանկացած բացթողում: Երբ քննադատություն հնչի, կարելի է շատ հեշտ փակել բոլորի բերանները. մենք դանդաղ ենք էվոլյուցիա ապրում. բնությունը մեզ այդպիսին է ստեղծել»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - « «Միշտ հավատացած եմ եղել, որ ՀՀՇ-ի ու Դաշնակցության միջեւ առաջացած անջրպետը արհեստական է: Ուստի «Ազատ դեմոկրատները» Դաշնակցության հետ համագործակցության շատ լավ նախադրյալներ են տեսնում: ՀԱԿ-ի հետ երկար ճանապարհ ենք անցել: Ցավում եմ, որ մեր պայքարը ցանկալի ավարտ չունեցավ, բայց դա մենք թողել ենք անցյալում եւ, կարծում եմ, խորհրդարանում կկարողանանք ճիշտ համագործակցել: «Բարգավաճ Հայաստանը», իհարկե, այսօրվա քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգն է: Շատ դրական է, որ ԲՀԿ-ն չմիացավ իշխանական կոալիցիային: Այս հանգամանքը լուրջ եւ առողջ քաղաքական զարգացումների հնարավորություն է առաջացնում եւ Ազգային ժողովում։ Միաժամանակ քաղաքական առումով խիստ կարեւոր է, թե ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, թե այլ թեկնածություն կսատարի»:

Your browser doesn’t support HTML5

Հունիսի 7-ի մամուլ