Փաստաբանները պատրաստվում են գործադուլի

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը (կենտրոնում):

Մի խումբ փաստաբաններ գալիք երկուշաբթի մեկօրյա գործադուլով բողոքելու են «Վճռաբեկ դատարանի կամայական գործելաոճի» դեմ:
Գործադուլի նախաձեռնողներից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «խայտառակ» որակեց այսօր Վճռաբեկ դատարանում ձեւավորված պրակտիկան:

Ալումյանի խոսքով` դատարանը կատարյալ իրավական անորոշություն է ստեղծել 2007 թվականից ի վեր, երբ լիազորություն է ստացել վճռաբեկ բողոքը սեփական հայեցողությամբ ընդունել կամ չընդունել վարույթ:

«Սովորական քաղաքացիները հնարավորություն չունեն հասկանալու` ինչո՞ւ մեկ բողոքը վարույթն ընդունվեց, մյուսը չընդունվեց: Դա հնարավոր չէ հասկանալ, որովհետեւ բավական չէ, որ օրենքը շատ անորոշ ձեւով է գրված… բայց Վճռաբեկ դատարանը շատ իր համար ձեռնտու դատական պրակտիկա է ստեղծել. ավելի խորացնելով անորոշությունը` ինքը այսօր ամբողջությամբ կամայականությունների դաշտում է գործում», - նշեց փաստաբանը` շարունակելով. - «Կա անմեղության կանխավարկածի սկզբունք: Ես չեմ կարող ասել` Վճռաբեկ դատարանը կոռումպացված է այդ փուլում: Ես դա չեմ կարող ասել, որովհետեւ չեմ կարողանա ապացուցել: Բայց եթե ինչ-որ մարդիկ դրա տակ սկսեն կոռուպցիոն երեւույթներ տեսնել, ես չեմ էլ կարող փարատել նրանց կասկածը, որովհետեւ շատ կամայականորեն են այդ որոշումները կայացվում»:

Հայկ Ալումյանի պնդմամբ` եթե անգամ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել-չընդունելու հարցում կոռուպցիոն երեւույթներ չկան, դա քիչ է. - «Ինքը [Վճռաբեկ դատարանը] պետք է իրեն պահի այնպես, որ նաեւ ակնհայտ լինի, որ այդտեղ չկան կոռուպցիոն դրսեւորումներ: Իսկ ինքը անում է ճիշտ հակառակը»:

Փաստաբանը հիշեց պաշտոնը ստանձնելուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի խոսքերը Փաստաբանների պալատում. - «Ինքը տառացիորեն ծաղրի ենթարկեց այս դատական պրակտիկան, այս կամայականությունները վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու-չընդունելու հետ կապված: Ինքը ամենայն որոշակիությամբ ցույց տվեց, որ սա անընդունելի պրակտիկա է: Եվ ինքը խոստացավ, որ իր առաջին քայլերից մեկը լինելու է այս պրակտիկան արմատախիլ անելը»:

Ենթադրելով, թե ինչու Մկրտումյանը չի կատարում իր խոստումը` Ալումյանը ասաց. - «Հավանաբար, բոլորին էլ դուր է գալիս կամայականութուններ անելու հնարավորությունը: Մենք այդպես ենք ենթադրում: Որովհետեւ մեզ հասկանալի դարձավ` բոլորը, համենայն դեպս Վճռաբեկ դատարանի մակարդակում, արդեն ընդունում են, որ այս պրակտիկան անընդունելի է եւ հակաիրավական… Հիմա արդեն հարց է առաջանում, թե ինչու չեն ուզում փոխել: Մենք դրանից եզրակացնում ենք, որ իրենք ոչ թե վիճարկում են, որ այս պրակտիկան լավը չէ, հակաիրավական է ու կամայական է... Իրենք վաղուց գիտեն, որ դա այդպես է: Հիմա արդեն հարց է առաջանում, թե ինչու չեն ուզում փոխել: Այստեղ է պրոբլեմը»:

Գործադուլին մասնակցելու են, ըստ Ալումյանի, շուրջ 200 փաստաբաններ, ովքեր իրենց առաջարկներն ու լուծումները պատրաստվում են ներկայացնել հենց գործադուլի օրը:

Հայկ Ալումյանն ասաց, որ հարցը քննարկել են նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սահակյանն ասաց, որ միացել է նախաձեռնությանը եւ մասնակցելու է գործադուլին:

Վճռաբեկ դատարանից «Ազատություն» ռադիոկայանին խոստացան պարզաբանումներ տալ ավելի ուշ:

Your browser doesn’t support HTML5

Փաստաբանները պատրաստվում են գործադուլի