ՀԱԿ-ը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) բողոք է ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀԱԿ-ի պետաիրավական հանձնաժողովը գլխավորող, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ով ՀԱԿ-ի համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Ջհանգիրյանը փոխանցեց, որ բավարար հիմքեր ունեն Եվրադատարան դիմելու համար:

ՀԱԿ-ի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ բողոքը կազմվում է ազատ ընտրության իրավունքի խախտման հիմքով:

Հիշեցնենք, ընդդիմադիր դաշինքն անցած շաբաթ Սահմանադրական դատարանում էր վիճարկում խորհրդարանական ընտրությունների արդյունքը` պնդելով, որ այն չի արտացոլում ընտրողների ազատ կամքը, որ ընտրական գործընթացն անցել է Սահմանադրության ու օրենսդրության զանգվածային խախտումներով, կոպտորեն խախտվել է քաղաքական ուժերի միջեւ հավասար մրցակցության օրենսդրական պահանջը: Սակայն դատարանը ծավալուն եզրակացությամբ մերժեց ընտրությունների հրապարակված արդյունքներն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ի դիմումը` հիմնավոր չհամարելով վկայակոչված փաստարկները:

Վահե Գրիգորյանի փոխանցմամբ, Եվրադատարան ուղարկվող բողոքում Սահմանադրական դատարանի հիմնավորումները եւս ներառվելու են, եւ նշվելու է, որ «ներպետական ատյաններում ու Սահմանադրական դատարանում ազատ ընտրության իրավունքի պաշտպանություն չի իրականացվել»: Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:

Մինչ այդ Սահմանադրական դատարանը այսօրվանից սկսեց հանրապետության 6 ընտրատարածքներում պատգամավորության 6 մեծամասնական թեկնածուների դիմումների քննությունը` այդ ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Դիմումներից երկուսը վերաբերում են Սյունիքի մարզը ներառող թիվ 37 եւ 38 ընտրատարածքներին: Թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը հենց այսօր գրավոր ընթացակարգով քննարկվելուց հետո մերժվեց, իսկ թիվ 38-ի վերաբերյալ Դավիթ Մաթեւոսյանի դիմումը կքննարկվի հունիսի 19-ին:

Սամվել Հարությունյանը «կոպտագույն խախտումներով» անցկացված է համարում թիվ 37 ընտրատարածքի ընտրությունները, որոնց արդյունքում հաղթեց Հանրապետականի թեկնածու Հայկ Գրիգորյանը. - «Վերջին հաշվով բոլորս գիտենք, որ Սյունիքում ընդհանրապես, մանավանդ 37 ընտրատարածքում Սուրիկ Խաչատրյանը` հռչակավոր մարզպետը, իր կամայականությունների արդյունքում է որեւէ բան կատարում, մանավանդ` ընտրություններ կազմակերպում: Մեզ մոտ ընտրությունները նախապատրաստվել եւ անցկացվել են Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտումներով»:

Սամվել Հարությունյանն պնդում է, որ միայն Գորիսում 3 հազարից ավելի բացակաների փոխարեն քվեարկություններ են եղել, բաժանվել է ընտրակաշառք ու կիրառվել է «կարուսելի» մեթոդը:

«Պատասխանող կողմը` թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, չի էլ ժխտել, որ հազարավոր քվեարկողներ քվեարկությունը կատարել են տարբեր գույնի գրիչներով, երբ որ այնտեղ գրիչ է դրված: Նախօրոք մարդկանց հարկադրել են, որ պետք է այս գրիչով եւ այս գույնով նշում կատարես քվեաթերթիկների մեջ, եւ իրենք պատասխանում ասում են` օրենքով չի արգելվում եւ այլն», - ասաց Հարությունյանը, ով ՍԴ-ին միջնորդել էր քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել ընտրատարածքի 40 ընտրատեղամասերում:

ՍԴ-ն այսօր մերժեց այս միջնորդությունն ու թիվ 37 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու` մեծամասնական թեկնածուի դիմումն ամբողջությամբ: Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վկայակոչեց բողոքի չփաստարկված լինելը:

«Դիմողը գլխավորապես հենվում է տարաբնույթ դատողությունների եւ կարծիքների, այլ ոչ թե ապացուցողական նշանակություն ունեցող կոնկրետ փաստերի վրա, ինչը դատական գործընթացում ընդունելի չէ», - ասաց ՍԴ նախագահը:

Ինչ վերաբերում է ՍԴ դիմում ներկայացրած մեծամասնական մյուս թեկնածուներին, ապա նրանից չորսին սատարում էր ՀԱԿ-ը: Հունիսի 8-ին ՍԴ-ն կլսի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի բողոքը Երեւանի թիվ 3 ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ հաղթել է հանրապետական Արթուր Ստեփանյանը: Իսկ հունիսի 12-ին եւ 15-ին նախատեսված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի դիմումների քննությունը. Զուրաբյանը պահանջում է անվավեր ճանաչել Երեւանի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրությունների արդյունքը, ըստ որի հանրապետական Ռուբեն Սադոյանն է հաղթել: Իսկ հանրապետական Սամվել Ալեքսանյանի մրցակից Նիկոլ Փաշինյանը թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովի որոշումն է պահանջում անվավեր ճանաչել, որով արձանագրվել է Ալեքսանյանի հաղթանակը:

ՍԴ-ն մեծամասնական թեկնածուների դիմումների քննությունը կավարտի հունիսի 22-ին: Այդ օրը նախատեսված է ինքնաառաջադրված թեկնածու, անկուսակցական Գագիկ Ներսիսյանի դիմումի քննությունը, որով նա վիճարկում է Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները: Այս ընտրատարածքում հաղթել է հանրապետական Կարինե Պողոսյանը:

Your browser doesn’t support HTML5

ՀԱԿ-ը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան