Տիգրան Սարգսյանը կշարունակի ղեկավարել կառավարությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

Հրամանագիրը ստորագրվել է իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամների ու խորհրդարանական խմբակցության պատգամավորների հետ խորհրդակցությունից հետո:

Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու առաջարկը Սերժ Սարգսյանն է արել: Այլ առաջարկություններ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ՀՀԿ-ի ղեկավար ներկայացուցիչները, չեն եղել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերանշանակումն իր համար սպասելի էր: Նա հավելեց, որ նոր կառավարության կազմը ներկայացվելու է մինչեւ հունիսի 15-ը, եւ որ ապագա կառավարության ծրագրի հիմքում լինելու է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը. - «Այն փոփոխությունները, որ մենք խոստացել ենք մեր ընտրողներին, այդ բոլոր փոփոխությունները ներառված են լինելու մեր ծրագրում»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ խորհրդարանը նոր կառավարության ծրագիրը կքննարկի այս ամսվա ընթացքում:

«Կարող եմ ասել, որ մոտ օրերս կվերանշանակվեն Պաշտպանության, Արտաքին գործերի եւ Արտակարգ իրավիճակների նախարարները: Իսկ մնացած նախարարների հարցը, բնականաբար, օրենքով նախատեսված կարգով կքննարկվի եւ կառաջարկվի ու կնշանակվի», - հավելեց նա:

Հանրապետականի քվոտայով նախորդ կառավարության անդամները հիմնականում կպահպանեն իրենց պորտֆելները, ինչը Շարմազանովը տրամաբանական է համարում:.

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց, թե Տիգրան Սարգսյանին վարչապետին առաջադրելով` ՀՀԿ-ն «փայլուն որոշում է կայացրել»:

Հարցին` արդյո՞ք ինքը չէր ցանկանա ղեկավարել կառավարությունը, Աբրահամյանը պատասխանեց, որ իրեն վարչապետի պաշտոնում չի պատկերացնում:

Իսկ Տիգրան Սարգսյանին Աբրահամյանը «ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ տնտեսագետ» է համարում. - «Աշխատանքը պատկերացնում է: Այստեղ մնում է թիմային աշխատանք` ճիշտ կառավարության անդամներ ընտրվեն, նշանակվեն… Շատ կարեւոր է, որ Կառավարություն - Ազգային ժողով միասնական աշխատանքը ճիշտ հիմքերի վրա դրվի: Ես համոզված եմ, որ դա մեզ կհաջողվի»:

Իսկ հարցին, թե հնարավոր է, որ նախագահական ընտրություններից հետո ինքը դառնա վարչապետ, Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. – «Մենք առաջին հերթին նախագահական ընտրությունները պետք է կազմակերպենք թափանցիկ` նախագահին ընտրենք, հետո կմտածենք»:

Your browser doesn’t support HTML5

Տիգրան Սարգսյանը կշարունակի ղեկավարել կառավարություն