Մուբարաքը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին եւ երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիին Կահիրեի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման:

84-ամյա Մուբարաքը մեղավոր է ճանաչվել անցած տարվա փետրվարին հակակառավարական ցույցերի ընթացքում 850 մարդու մահվան մեջ:

Դատավարության ընթացքում դատարանի շենքը պահպանում էին շուրջ 5 հազար ոստիկաններ եւ 2 հազար զինվորականներ:

Մուբարաքին դատարան էին բերել պատգարակի վրա: Դատավճռի հրապարակումը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ:

Հոսնի Մուբարաքից եւ Հաբիբ ալ-Ադլիից բացի, գործով անցնող եւս 5 մեղադրյալներին դատարանն անմեղ է ճանաչել: Արդարացվել են նաեւ Մուբարաքի երկու որդիները, ովքեր մեղադրվում էին կոռուպցիայի մեջ:

Վճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում քաշքշուք է սկսվել: Դատարանի շենքի մոտ հավաքվածները` ինչպես Մուբարաքի կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները, պահանջում են չեղյալ հայտարարել դատավճիռը եւ կոչ են անում զտել դատավորների շարքերը: