Տավուշում գյուղացին վիրավորվել է ադրբեջանցիների կրակոցից

Այսօր առավոտյան Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960 թվականին ծնված Վ. Մելքումյանը»:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7։00-ի սահմաններում, նշված գյուղի խաղողի այգում աշխատելիս` ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մելքումյանի վիճակը «կայուն է, նորմալ»:

Կամենդատյանն ասաց, որ ադրբեջանական հենակետից գյուղի ուղղությամբ կրակել են նաեւ մայիսի 8-ին, բայց դեռեւս նման դեպք չէր եղել, որ գյուղացու վիրավորեն՝ իր այգում աշխատելիս. - «20 տարի է պատերազմի մեջ ենք, ապրում ենք սահմանում, սահմանապահ գյուղ ենք, մենակ 9-ը կիլոմետրը մեր գյուղի բաժին ա սահմանը: Ուղիղ նշանառության տակ ա ամբողջ գյուղը, ամբողջ հողատարածքները, մանկապարտեզը եւ դպրոցը»:

Հարցին, թե արդյոք ինչ-որ միջոցներ ձեռնարկվում են գյուղացիների անվտանգությունն ապահովելու համար, գյուղապետն ասաց. - «Իհարկե ամեն ինչ էլ ձեռնարկվում է, բայց ուղիղ նշանառության տակ է գյուղը, ի՞նչ կարող ենք անել, կարո՞ղ է այնպիսի պայմաններ ստեղծվի, որ գյուղում գործ անելուց չկրակեն: Դա արդեն մեր ուժերից վեր է»:

Գյուղապետի փոխանցմամբ, Ներքին Կարմիրաղբյուրը ունի 1150 բնակիչ: Գյուղի դպրոցն ունի 140 աշակերտ, իսկ մանկապարտեզը՝ 25 սան:

Ապրիլի 24-ին, հիշեցնենք, ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը: Գյուղի ուղղությամբ արձակված կրակոցները վնասվել էին գյուղի մանկապարտեզը:


Ռուզաննա Ստեփանյան